“Ջուրը կյանք է.” Մաքուր ջուր Եղեգնուտ համայնքին

Ռազմիկ Մկրտչյան, Եղեգնուտ համայնքի գյուղապետի ժ.պ. “Այս տարվա սկզբին խմելու ջրագծի բարելավման արդյունքում բոլոր 482 տնտեսություններն ապահովված են 24-ժամյա մաքուր ջրով, նրանք վճարում են իրենց սպառած ջրի դիմաց: COVID 19 համավարակի պայմաններում ամբողջ օրը հոսող ջուր ունենալը պատշաճ պաշտպանություն է ապահովում”:

Ծրագիրը վերանորոգել է խմելու ջրագծի համակարգը. կառուցվել են նոր պոմպակայան և քլորացման կայան, նոր ջրագիծ: Այն ապահովում է քլորացված և ապահով ջրով. ապահով, քանի որ երկար տարիներ մարդիկ օգտագործել են ծորակից եկող ժանգոտ, ցեխոտ և ոչ անվտանգ ջուր:

Վերջին քսան և ավելի տարիներին ջուրը համայնքի համար առաջնային կարիքն ու երազանքն էր. այսօր այն իրականություն է: Ամբողջ համայնքը, մոտ 2200 բնակիչ, օգտվում են ծրագրից:

“Քայլեք ամբողջ գյուղով, յուրաքանչյուր փողոց և ծայրամասային տուն ունի մաքուր ջուր: Սա ծայրահեղ անհրաժեշտություն է մեզ համար, կանանց համար հատկապես, որպեսզի նրանք ապահովեն պատշաճ հիգիենա, սանիտարական պայմաններ ու առողջ ապրելակերպ իրենց ընտանիքների համար“, Ձյունիկ Խուրշուդյան, համայնքի բնակիչ:

Այս Ծրագիրը միայն ջուր չի, որ ապահովել է համայնքին. ջրային նոր համակարգի շնորհիվ ջրի և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն կա ներկայումս – տարեկան 308,000 մ3 ջուր և 118 մՎտ*ժ էներգիա: Տնային տնտեսություններում դրվեցին ջրաչափեր՝ խթանելով ջրից օգտվելու նոր մշակույթ. ավելի պատասխանատու և հոգատար ջրօգտագործում:

Ծրագրի մեկ այլ արդյունք. համայնքի երկու բնակիչ կունենան աշխատանք: Վերապատրաստվելով ծրագրի շրջանակներում, նրանք կհսկեն և կապահովեն կայանների անխափան աշխատանքը:

Եղեգնուտի ջրագծի նորոգումն իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրերի հաջող համագործակցության և Եղեգնուտ համայնքի աջակցության շնորհիվ: Ահա, թե ինչպես են միացյալ ջանքերը և հաջող համագործակցությունը համայնքի կյանքում դրական փոփոխություն բերում:

Ծրագրի առցանց բացումը տեղի ունեցավ հուլիսի 30-ին, ժամը 3-ին, որին մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, Արմավիրի մարզի մարզպետը, Եղեգնուտի գյուղապետարանը, իրագործող և համագործակցող կազմակերպությունները, հյուրեր: