
Այսօր Երևանում տեղի ունեցավ «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով խորհրդաժողով՝ քննարկելու տարածաշրջանի ջրային խնդիրները և դրանց բացասական հետևանքները Հայաստանի համար։
ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կազմակերպած խորհրդաժողովի ընթացքում բացահայտվեցին Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակը, ռեսուրսի պահպանման և կայուն օգտագործման հեռանկարները:
Համաժողովի ժամանակ ԳԱՏՕ ծրագրի կողմից ներկայացվեցին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարների, ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ջրատար հորիզոններից ջրառի թույլատրելի ծավալների արժեքները: Ջրառաջարկի և պահանջարկի գնահատումը վկայում է տարածաշրջանում ջրի զգալի դեֆիցիտի մասին, որը հիմնականում առաջացել է մարդու գործունեության և տարբեր ոլորտների կողմից ռեսուրսի գերօգտագործման արդյունքում։ Համաձայն տվյալների՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանում ջրառաջարկի և պահանջարկի բացասական տարբերությունը 2016 թ. կազմում էր 1,120 մլն․ մ3։

Ստորերկրյա ջրառի ծավալների վերաբերյալ կառավարության որոշումները մինչև վերջերս հիմնված էին 1983-1984թթ. տվյալների վրա: Ջրային պաշարների գերշահագործումը կանխելու և ջրօգտագործողների գործունեությունը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան քաղաքականություն ու օրենսդրական ակտեր։ Այնուամենայնիվ, ԳԱՏՕ ծրագրի տվյալները ցույց են տալիս, որ 2016թ. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացի ջրառի ծավալը դեռևս 46%-ով գերազանցում է կառավարության կողմից հաստատված թույլատրելի ծավալը:
«Ավելի քան 25 տարի ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունները համագործակցում են ջրային ոլորտի խնդիրները լուծելու նպատակով։ Ոլորտին առավել արդյունավետ աջակցություն տրամադրելու համար մեզ անհրաժեշտ են տվյալներ։ Ինչպե՞ս նվազեցնել ստորերկրյա ջրառը առանց դրա իրական ծավալներն իմանալու։ Օգտագործվող տվյալները մոտ 40 տարվա վաղեմություն ունեին։ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրի անարդյունավետ օգտագործման մասին պատկերացում կազմելու համար մեզ անհրաժեշտ էին ավելի թարմ տվյալներ, և այստեղ ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր դերակատարում ունեցավ։ Հուսով եմ, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի վերականգնել երկրի գյուղատնտեսական ոլորտի և Մեծամորի ատոմակայանի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող ստորերկրյա ջրի պաշարները»։ — ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ԳԱՏՕ ծրագրի ներդրումը՝ մասնավորապես նշելով․ «ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում իրականացված Արարատյան դաշտի հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական պայմանների համապարփակ ուսումնասիրությունները կարևորվում են հատկապես ստորերկրյա ջրերի ծագման, հատկությունների և պայմանների վերլուծության համատեքստում, ինչն անհրաժեշտ է այդ ջրերի օգտագործման տեխնիկական լուծումները վերհանելու համար, քանի որ ստորերկրյա ջրերը, որպես առավել արժեքավոր բնական ռեսուրս, առանցքային նշանակություն ունեն, ինչպես խմելու, այնպես էլ տնտեսական նպատակներով օգտագործման համար։ Ծրագրի հաշվետվությունում ամփոփված ուսումնասիրությունները թույլ կտան մշակել համապարփակ և փոխկապակցված միասնական մոտեցում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար…»։
ԳԱՏՕ ծրագրի ներկայացրած տվյալների հիման վրա ՀՀ կառավարությունը կարող է մշակել ջրային ոլորտի ողջամիտ քաղաքականություն ու օրենսդրական կարգավորումներ, որոնք առաջին հերթին ուղղված են ռեսուրսների երկարաժամկետ պահպանության նպատակների իրագործմանը և, միաժամանակ, տարածաշրջանում ջրի պահանջարկի բավարարմանը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մասնավոր ու հասարակական ոլորտների ջրօգտագործողները` տեղական համայնքները, էներգետիկայի ոլորտի ընկերությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, գյուղացիական (ֆերմերային) և ձկնաբուծական տնտեսությունները, ինչպես նաև հասարակության ավելի լայն խմբերը միջոցառումներ ձեռնարկեն ջրօգտագործման նկատմամբ ավելի գիտակից մոտեցում ցուցաբերելու և ջրախնայող տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ:
Արարատյան դաշտի արտեզյան ավազանն ունի ստորերկրյա ջրերի զգալի պաշարներ, որոնք օգտագործվում են կենցաղային, ոռոգման, ձկնաբուծական և արտադրական նպատակներով: Ավազանի ջուրն օգտագործվում է նաև Մեծամորի ատոմակայանի հովացման համակարգի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակում ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է միջինը 6-9 մետրով (որոշ տեղերում մինչև 15 մետր), իսկ արտեզյան գոտին կրճատվել է մոտ 67%-ով: Գերշահագործման բացասական դինամիկան հանգեցնում է ջրային հաշվեկշռի խախտման և ստորերկրյա ջրերի վերականգնման ներուժի նվազման` առաջացնելով ջրի դեֆիցիտ տարածաշրջանի համար՝ ռիսկի տակ դնելով երկրի պարենային ու էներգետիկ անվտանգությունը: Պաշարների հյուծման հետևանքով Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք ունի խմելու և ոռոգման ջրի խնդիր: