Ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման նոր գործիքներ որոշում կայացնողների համար

ԳԱՏՕ ծրագիրն ավարտեց ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման երկշաբաթյա  վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և հաստատությունների ներկայացուցիչներ: Վերապատրաստման ընթացքում մասնակիցները սովորեցին ու գործնականում կիրառեցին ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման առաջադեմ գործիքները, մասնավորապես` ArcHydroGroundwater (AHGW), GMS, MODFLOW ծրագրերը:     

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների վիճակը հասկանալու և փոփոխվող պայմանների, արտաքին ճնշումների հանդեպ կայունությունը գնահատելու համար ԳԱՏՕ ծրագրի մասնագետները մշակեցին արտեզյան ավազանի եռաչափ մոդել և ստորերկրյա ջրերի հոսքի մոդել, որոնք կաջակցեն ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ իրազեկված ու փաստական որոշումների կայացմանը: Արարատյան արտեզյան ավազանի եռաչափ մոդելը ցույց է տալիս ավազանի հիդրոերկրաբանական կառուցվածքը և ջրատար շերտերը, մինչդեռ ստորերկրյա ջրերի հոսքի մոդելը տվյալներ է տրամադրում արտեզյան ավազանի ջրատար շերտերում ջրերի ճնշման, ջրային պաշարների առկայության, ջրային հաշվեկշռի և հոսքի ուղղությունների վերաբերյալ: Մոդելը կօգնի որոշում կայացնողներին կանխատեսումներ անել արտեզյան ավազանի ջրատար շերտերում ջրերի ճնշման կամ մակարդակների աճի կամ նվազման մասին: 

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան AHGW գործիքակազմի կիրառմամբ կատարելու եռաչափ մոդելավորում, մասնավորապես` քարտեզային տվյալների ֆայլերի ստեղծում և ներմուծում, ինչպես նաև MODFLOW մոդելի կառուցում և չափաբերում: Մոնիթորինգի կայանների, ջրառի կետերի, ստորերկրյա ջրօգտագործման վերաբերյալ տվյալները թարմացնելով  և համապատասխան կարգավորումներ կատարելով մասնակիցները գործնականում կիրառեցին նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հոսքի մոդելը:   

«Վերապատրաստման ընթացքում կառուցեցինք Արարատյան արտեզյան ավազանի երեք ջրատար շերտերի եռաչափ մոդելը`օգտագործելով 2016թ. գույքագրման տվյալները: Կարծում եմ, որ վերապատրաստումը նպատակահարմար ու շատ օգտակար էր ջրային ոլորտի մասնագետների համար, որոնք հետաքրքրված են նմանատիպ մոդելների ստեղծմամբ: Աշխատելով մոդելներով, ներմուծելով նոր տվյալներ, դիտարկելով տարբեր սցենարներ` մասնագետները կկարողանան կանխատեսումներ անել ստորերկրյա ջրօգտագործման ծավալների աճի կամ նվազման ազդեցությունների, ինչպես նաև ստորերկրյա ջրային պաշարների հետ կապված հնարավոր դրական կամ բացասական միտումների մասին»,-դասընթացի ավարտին իր կարծիքն արտահայտեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակից Հարություն Երեմյանը: «Համոզված եմ, որ այս մոդելների կիրառումը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը»:  

Վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրամադրվեց նյութերի ամբողջական փաթեթը, այդ թվում`Օգտագործողի ձեռնարկը, Արարատյան դաշտի արտեզյան ավազանի եռաչափ մոդելը, ստորերկրյա ջրերի հոսքի մոդելը, ինչպես նաև մոդելավորման համար անհրաժեշտ տվյալներ ու տվյալների ձևանմուշներ: ԳԱՏՕ ծրագրի թիմը կշարունակի աջակցել և անհրաժեշտության դեպքում ուղղորդել մասնակիցներին ակտիվացնելու մոդելավորման ծրագրային ապահովումները: