
Մեկնարկել է ԳԱՏՕ ծրագրի կողմից կազմակերպված` գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի վերաբերյալ վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց աշխատանքում կիրառելու են մեթոդը:
Ութօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն մեթոդի հիմնական` հիդրոկենսաբանական, հիդրոքիմիական, հիդրոմորֆոլոգիական բաղադրիչները, և մեթոդի մշակման նպատակով աշխատանքային խմբի կողմից կատարված վերլուծությունը: Վերապատրաստման հիմնախնդիրն է` նկարագրել ինչ դեր և ազդեցություն ունեն հիդրոկենսաբանական, հիդրոքիմիական, հիդրոմորֆոլոգիական ցուցանիշները գետի ինքնամաքրման կարողության վրա: Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցները կկատարեն մեթոդի առանձին բաղադրիչների փորձարկում և գնահատումներ` Քասախ և Ախուրյան գետերի օրինակներով: Ակնկալվում է, որ դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան գետի ինքնամաքրման կարողության որոշման համար օգտագործել հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական, հիդրոքիմիական տվյալների ավտոմատ գնահատման Excel համակարգը և մեթոդի առաձին բաղադրիչներից դուրս բերել մեկ ընդհանուր գործակից:
Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակումն իրականացվել է ԳԱՏՕ ծրագրի կողմից` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջարկով: Այն ներառված է Կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում, որի իրականացման համար կա հստակ սահմանված ժամկետ:
Մեթոդի մեջ ջրային էկոհամակարգը դիտվում է որպես միատարր մարմին, որի վրա ազդում են տարբեր գործոններ: «Մեր մշակած մեթոդաբանությունը թույլ է տալիս գնահատել գետերի աղտոտման տարբեր աղբյուրների ազդեցությունը, ինչպես նաև աղտոտվածությունը բնական ճանապարհով չեզոքացնելու հնարավորությունը: Այս մեթոդաբանությունն ունիվերսալ է նրանով, որ թույլ է տալիս գնահատել ոչ միայն բնակավայրերի, այլ նաև հանքարդյունաբերության կամ այլ արդյունաբերությունների, գյուղատնտեսության ոլորտներից աղտոտման աղբյուրների ազդեցությունը, ինչպես նաև էկոհամակարգի բնական ճանապարհով վերականգնման հնարավորությունը»,- ԳԱՏՕ ծրագրի ջրի որակի փորձագետ Լիանա Մարգարյան:
