
ԳԱՏՕ ծրագիրը կնորոգի երկու դիտահոր Վարդանաշեն և Դալար համայնքներոմ, որոնք ներառված են ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային ցանցում։ Դիտահորերի նորոգման արդյունքում կբարելավվի Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի որակը, որն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից։
Ներկայումս Կենտրոնն իրականացնում է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ՝ օգտվելով ջրավազանային կառավարման վեց տարածքներում տեղակայված 109 դիտակետերից, որոնցից 48-ը գտնվում են Արարատյան դաշտում։ Պարբերաբար կատարվող չափումների շնորհիվ ստացվում են տվյալներ ստորերկրյա ջրատար հորիզոնի վիճակի, ստորերկրյա ջրերի տարբեր պարամետրերի և որակի վերաբերյալ։ Հատուկ սարքերի օգնությամբ, որոնց մի մասը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին նվիրաբերվել է ԳԱՏՕ ծրագրի կողմից, ստացվում են տեղեկություններ ստորերկրյա ջրերի մակարդակի վերաբերյալ, ինչպես նաև իրականացվում է ջրի որակի մոնիթորինգ 40 պարամետրերով, ներառյալ՝ ջրի ջերմաստիճանի, հանքայնացման, կոշտության, էլեկտրահաղորդականության և այլ տեսակի չափումներ։
Դալարի և Վարդանաշենի դիտահորերը անմխիթար վիճակում են և ենթակա են հիմնանորոգման։ նախատեսվում է մաքրել հորերը, անհրաժեշտության դեպքում նորոգել վնասված կառուցվածքները, տեղադրել նոր փականներ և ցանկապատել տարածքը։ Դալարում արտահոսող ջուրը ողողել է տարածքը, վերածելով այն ճահճի և դժվարացնելով չափումները։ Նախատեսվում է նաև կառուցել սանիտարական գոտի և հատուկ պաշտպանիչ պողպատե ծածկեր` հորերի տարածք մուտքը կանխելու և ջրատար հորիզոնների հնարավոր աղտոտումը բացառելու նպատակով։ Լուսանկարներում պատկերված է Դալարի և Վարդանաշենի հորերի ներկայիս վիճակը:
2019 թվականին ԳԱՏՕ ծրագրի կողմից վերանորոգվեց Արարատյան դաշտի սնման գոտում գտնվող 7 դիտակետ՝ հետագայում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային ցանցում ընդգրկելու նպատակով։
