☀️ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը կտեղադրի արևային համակարգ Հովտաշատ գյուղի հարևանությամբ գտնվող ձկնաբուծական տնտեսությունում։ ԳԱՏՕ ծրագիրը ձկնաբուծարանի հետ համատեղ կտեղադրի 30 կՎտ հզորությամբ ֆոտովոլտայիկ համակարգ՝ հոսանքի ծախսը կրճատելու համար։

2019 թվականին ձկնաբուծարանի սեփականատեր Արտյոմ Թորոսյանը՝ ԳԱՏՕ ծրագրի մասնագետների աջակցությամբ, ներդրել է ջրի շրջանառու համակարգ՝ կրկնօրինակելով Ակվակուլտուրայի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնում ԳԱՏՕ ծրագրի կողմից պիլոտային եղանակով կիրառված տեխնոլոգիաները։ Արտյոմ Թորոսյանի ձկնաբուծարանում ջրի թթվածնով հագեցման համար օգտագործվում են աերոլիֆտ պոմպեր, իսկ տղմահեռացման համար՝ պասիվ նստեցման համակարգեր։    

Ջրի շրջանառու համակարգում կիրառվող տեխնոլոգիաները, սակայն, ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառում և ավելացնում են արտադրական ծախսերը։ Արևային էներգիայի օգտագործումն էկոլոգիապես մաքուր այլընտրանքային միջոց է աերատորների և ռեցիրկուլյացիոն պոմպերի լրացուցիչ հոսանքի ծախսը փոխհատուցելու համար։

Տնտեսությունը, սպառելով ընդամենը 40 լիտր վայրկյան ջուր, տարեկան արտադրում է շուրջ 90 տոննա ձուկ։ Մեկ լիտր վայրկյան ջրով 2.25 տոննա ձկան արտադրողականությունը 2,8 անգամով ավելի շատ է, քան ընդունված ստանդարտը՝ 800 կգ։ Նոր ծրագրի շնորհիվ ձկնաբուծարանը տարեկան կխնայի շուրջ 46 մՎտ/ժ էլեկտրաէներգիա, մինչդեռ ձկնաբուծարանի ընդհանուր էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է տարեկան շուրջ 350 մՎտ/ժ։