💧 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

ԱՄՆ ՄԶԳ-ն ԳԱՏՕ ծրագրի միջոցով կարևոր դերակատարում ունի Հայաստանում ստորերկրյա ջրային ռեսուրսի կառավարման կարողությունների հզորացման գործում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված աջակցության շրջանակում ԳԱՏՕ ծրագիրն օգնում է վերականգնել և ընդլայնել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային դիտացանցը։ 2016 թվականից մինչ օրս ԳԱՏՕ ծրագիրը ՀՀ շրջակա միջավայրի (ՀՀ ՇՄ) նախարարությանը տրամադրել է համակողմանի տեխնիկական աջակցություն, ներառյալ՝ վերապատրաստում, կարողությունների զարգացում, սարքավորումների նվիրաբերում, ինչպես նաև մի քանի ստորերկրյա դիտահորերի նորոգում։
Դիտահորերում իրականացվող չափումները տեղեկություններ են հաղորդում ստորերկրյա ջրատար հորիզոնի վիճակի վերաբերյալ։ Այդ տվյալները կարևոր են նաև ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պլանավորման համար։ Որոշումների կայացման փաստականությունն ամրապնդելու համար ԳԱՏՕ ծրագիրը 2019-2020թթ․-ին գերժամանակակից սարքավորումներ նվիրաբերեց ՀՀ ՇՄ նախարարության

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին (ՀՕՄԿ), որը որպես նախարարության առանձին ստորաբաժանում պատասխանատու է ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման համար։ ՀՕՄԿ-ին տրամադրվեցին ուլտրաձայնային հոսքաչափ, ստորերկրյա ջրերի մակարդակաչափեր, հորի տեսախցիկ, ինչպես նաև ջրի ջերմաստիճանը, լուծված թթվածնի քանակությունը և էլեկտրահաղորդականությունը չափող շարժական սարքեր։ 2019թ․-ին ԳԱՏՕ ծրագիրն իրականացրեց Արարատյան դաշտի սնման գոտում տեղակայված յոթ դիտահորերի նորոգում՝ ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտացանցում ընդգրկելու նպատակով։ 2021թ-ի մայիսից ՀՕՄԿ-ը կսկսի չափումներ կատարել տվյալ դիտահորերում։ Ներկայումս ԳԱՏՕ ծրագրի կողմից տրամադրված սարքավորումներով ՀՕՄԿ-ը 238 դիտահորերում իրականացնում է ստորերկրյա ջրային ռեսուրսների մշտադիտարկում:

Շրջակա միջավայրի նախարարության խնդրանքով ԳԱՏՕ ծրագիրը կիրականացնի ևս երկու ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի դիտահորերի նորոգում Արարատի և Արմավիրի մարզերի Դալար և Վարդանաշեն համայնքներում։ 2021թ․ հունվար-փետրվար ամիսներին ԳԱՏՕ ծրագրի և ՀՕՄԿ-ի հիդրոլոգները կատարեցին դիտահորերի վիճակի և տարածքի զննություն։ Տեսախցիկի 📹 օգնությամբ մասնագետները կարողացան գնահատել հորի վիճակը և թափոններով լցվածությունը։ Նորոգման աշխատանքները կներառեն՝ դիտահորերի մաքրում, վնասված կառուցվածքների նորոգում, փականների փոխարինում և տարածքի ցանկապատում 🛠։

📌Տեսախցիկով նկարահանված արտեզյան հորը սույն հղումով։

Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգը ենթադրում է, որ մշտադիտարկման աշխատանքներում ներգրավված մասնագետները պետք է ունենան սարքավորումների օգտագործման և ջրերի նմուշառման և գնահատման հմտություններ, ինչպես նաև ընդհանուր գիտելիքներ ստորերկրյա ջրային ռեսուրսի վերաբերյալ։ ԳԱՏՕ ծրագրի օժանդակությամբ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնը 2016թ․-ին նախարարության անձնակազմի համար անցկացրեց վերապատրաստում հորերի գույքագրման, տվյալների հավաքման, ջրի որակի նմուշառման ընթացակարգերի վերաբերյալ, իսկ 2017թ․-ին վեբինար՝ ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման և հիդրոերկրաբանական կառուցվածքի վերաբերյալ։ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն։ Հաշվի առնելով ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցման միտումը՝ անհրաժեշտ է ունենալ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման քաղաքականություն՝ ներկա և ապագա սերունդների ջրի կարիքները բավարարելու, ջրային ռեսուրսների հետագա կրճատումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կանխելու համար։