ՈԿԱՀ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Ավարտվեց ԳԱՏՕ ծրագրի կողմից իրականացվող Որոշումների կայացմանն աջակցող համակարգի (ՈԿԱՀ) օգտագործման վերապատրաստման ծրագիրը։ ՈԿԱՀ-ն Աշխարհագրական տեղեկատվական համակարգի հիման վրա նախագծված համակարգչային գործիք է, որը կիրառվում է ջրային ռեսուրսների կառավարման նպատակով։

Վերապատրաստման ծրագիրը նախատեսված էր պետական, գիտահետազոտական, կրթական հաստատությունների ջրային ոլորտի մասնագետների համար։ Մասնավորապես, ծրագրին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության երկու ստորաբաժանումների՝ Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության և ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի աշխատակիցները,  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հակոբյան բնապահպանական կենտրոնի համապատասխան մասնագետները:

ՈԿԱՀ գործիքակազմին տիրապետումը կօգնի մասնագետներին ստանալ տվյալներ ջրային հաշվեկշռի, ջրատնտեսական հաշվեկշռի, կլիմայի փոփոխության պայմաններում տնտեսության տարբեր ոլորտների օգտագործման համար ջրային ռեսուրսների մատչելիության, ջրային ռեսուրսների էկոլոգիական վիճակի վերաբերյալ և կայացնել տվյալներով հիմնավորված որոշումներ։ ՈԿԱՀ-ն կիրառվում է գետավազանային կառավարման պլանավորման, տարբեր ջրավազանների կամ այլ տարածքների, ինչպես օրինակ՝ Արարատյան դաշտի, ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարման նպատակով։