ԳԵՏԵՐԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Հունվարի 14-ին zoom հարթակում տեղի ունեցավ ԳԱՏՕ ծրագրի կողմից կազմակերպված հանդիպումը, որի նպատակն էր ոլորտի փորձագետների հետ քննարկել գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի նախագիծը: ԳԱՏՕ ծրագրի մասնագետները ներկայացրեցին մեթոդի հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական բաղադրիչները, ինչպես նաև մշակման գործընթացը, մեթոդաբանությունը, նմուշառումները և հաշվարկման մեթոդները:    

Մեթոդի մշակման աշխատանքներն իրականացվում են ԳԱՏՕ ծրագրի կողմից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ` Արարատյան ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների շրջանակում: ԳԱՏՕ ծրագրի կողմից ձևավորված աշխատանքային խմբում ընդգրկված են ոլորտի համապատասխան փորձագետներ` հիդրոմորֆոլոգ, ջրի որակի մասնագետ, հիդրոկենսաբան, ինչպես նաև  շահագրգիռ մարմինների` ՀՀ շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ: Ջրի նմուշառումները կատարվել են Քասախի գետավազանից` ելնելով մի շարք առանձնահատկություններից, այդ թվում` գետային ցանցի մորֆոլոգիան, հիդրոլոգիական սնման ռեժիմը, ջրի որակի վրա ազդող մարդածին և բնական ճնշումները, բազմամյա մոնիթորինգային տվյալների առկայությունը և այլ գործոններ:

Ինքնամաքրման կարողության ցուցիչի սահմանումը փորձագետների համոզմամբ շատ կարևոր է` հաշվի առնելով Հայաստանի գետերի աղտոտվածության մակարդակը: Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին ԳԱՏՕ ծրագրի փորձագետների կողմից հետազոտության համար ընտրված համապարփակ գիտական մոտեցումը, խնդիրների ուսումնասիրման խորությունն ու փոխկապակցվածությունը, ինչպես նաև աշխատանքային խմբի մեջ տարբեր փորձագետների ներգրավվածությունը: Դրական կողմերից է նաև այն, որ մեթոդի մեջ հաշվի է առնված գետերի սեզոնայնությունը: Հարցերը հիմնականում վերաբերում էին փորձագետների կողմից կիրառված հաշվարկման և նմուշառման մեթոդներին, վերլուծական տվյալների օգտագործմանը և մեկնաբանմանը, ինչպես նաև մեթոդի կիրարկման ապահովմանն ուղղված հետագա քայլերին:

Այս առումով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը նախարարության անձնակազմի կողմից կօգտագործվի ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատման գործընթացում: Նա նաև ցանկացավ հանդիպման մասնակիցների կարծիքը լսել` որտեղ կարող է մեթոդը կիրառվել:

Մասնակիցները նշեցին կիրառության մի քանի այլ ոլորտներ: Մեթոդը կարող է արդյունավետ լինել կլիմայի փոփոխության կանխատեսումների, բիզնես գործունեության մեջ շրջակա միջավայրի վրա ազդեցության, այսինքն` գետերի վրա մարդածին ազդեցությունների գնահատման համար: Նշվեց նաև, որ գետերի ինքնամաքրման կարողության վերլուծությունը կարևոր է գետավազանային պլանավորման գործընթացների, մասնավորապես` հնարավոր կամ իրական ռիսկի ենթակա ջրային մարմինների որոշման համար:    

Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը, օգտագործողի ձեռնարկը և մեթոդի կիրարկումն ապահովող իրավական ակտի նախագիծը կամփոփվի և կներկայացվի ԳԱՏՕ ծրագրի կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։