ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԳԱՏՕ ծրագիրը Մրգաշատ համայնքում սկսում է ոռոգման համակարգի բարելավման նոր ծրագիր, որն ուղղված է ոռոգման արդյունավետության բարձրացմանը և համայնքի ոռոգելի հողատարածքների ավելացմանը։ Ծրագրի շնորհիվ 30 հեկտար հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, և ավելի քան 150 հողօգտագործողներ կօգտվեն արդյունավետ ոռոգման հնարավորություններից։   

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրատար հորիզոնից համայնքային ջրօգտագործման նպատակով հանվող ջրաքանակի զգալի մասը` մոտ 80%-ը կորչում է` բետոնե ջրանցքի մաշվածության և հողային ջրանցքից մեծ քանակությամբ ինֆիլտրացիայի պատճառով: Ջրի կորուստները հանգեցնում են պոմպի երկարաժամյա շահագործման և էլեկտրաէներգիայի մեծ ծախսերի:Ոռոգման ցանցի տեխնիկական արդիականացման շնորհիվ հնարավոր կլինի տարեկան խնայել 228,000 մ3 ջուր և 59,280 կՎտժ էլեկտրաէներգիա։  

Ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները մասնավորապես ներառում են.

  1. 600 մ երկարությամբ պոլիէթիլենային խողովակաշարի կառուցում` պոմպից ոռոգման ջուրը կարճ ճանապարհով անմիջապես դաշտերը մղելու համար.   
  2. մետաղական փականային արկղի (խցիկի) տեղադրում` կարգավորիչ փականները պաշտպանելու համար: Պոմպի կառավարման նոր վահանակի տեղադրում` փափուկ մեկնարկիչով (ստարտեր) և գերլարումից պաշտպանությամբ.
  3. գոյություն ունեցող հողային ջրանցքի վրայով անցումի կառուցում պողպատյա խողովակով.
  4. ոռոգման բաշխիչ ցանցի և երկու ջրթողների կառուցում: