ԳԱՏՕ ծրագրի թիմն այսօր անցկացրեց առցանց միջոցառում, որի նպատակն էր ներկայացնել Ակվակուլտուրաների տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի (ԱՏՓԿ) պիլոտային ծրագիրը: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ կառավարության, ձկնաբուծական ոլորտի ներկայացուցիչները և ծրագրի գործընկերները:
ԱՄՆ ՄԶԳ տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Ջեյմս Բորգերն իր ողջույնի խոսքում կարևորեց ջրային ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև գործակցությունը: Նա նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն խրախուսում է նորարարական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառությունը, որը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարներից ջրառի ծավալների նվազեցմանը:
ԱՏՓԿ-ի ծրագիրն իրականացվեց Մեծամոր քաղաքի «Արմավիրի Ֆերմեր» ձկնաբուծական տնտեսության տարածքում: Կենտրոնը փորձարարական բազա է ակվակուլտուրայի տարբեր տեխնոլոգիաների միատեղ փորձարկման և ստուգման համար: Zoom հարթակում անցկացվող առցանց խորհրդակցության ընթացքում ակվակուլտուրայի ոլորտի տեղական փորձագետ Կարեն Աղաբաբյանը մասնակիցներին ներկայացրեց ԱՏՓԿ ծրագրի տեխնիկական լուծումները և մեթոդները: Ակվակուլտուրայի ոլորտի միջազգային փորձագետ Դեյվիդ Ստեֆենը ներկայացրեց ակվակուլտուրայի ոլորտի միջազգային լավագույն փորձը` ելնելով ԱՏՓԿ-ի ծրագրի տրամաբանությունից:
ԱՏՓԿ-ում օգտագործվել են հետևյալ տեխնոլոգիաները և մեթոդները` ջրի ռեցիրկուլյացիա, պասիվ նստեցում` ջրից կոշտ օրգանական մասնիկների հեռացման համար, աերոլիֆթինգ` ջուրը թթվածնով հագեցնելու համար, բիոֆիլտրում և ֆիտոֆիլտրում: Արտահոսող ջրերում կիրականացվի խեցգետինների բուծում, որից հետո եղեգնուտում (ճահճուտ) կեղտաջրերը կենթարկվեն կենսաբանական մաքրման` նախքան դրենաժային համակարգի մեջ արտանետվելը: Վերջինս կօգնի նվազեցնել շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները: Համակարգի ջրերի մոտ 70%-ը կվերաշրջանառվի, և հորատանցքից կվերցվի միայն 30%-ը: Ծրագրի շնորհիվ կկատարվի տարեկան 2.5 մլն մ3 ջրի և 63 ՄՎտժ-ին հավասարազոր էներգիայի խնայողություն:
Հաջողման դեպքում նշված տեխնոլոգիաները և լավագույն փորձը կարող են կրկնօրինակվել այլ ձկնաբուծական տնտեսությունների կողմից։ Անհատ ձեռներեց Արտյոմ Թորոսյանը Մասիսի շրջանում գտնվող իր ձկնաբուծարանում արդեն իսկ կառուցել է ջրի շրջանառու համակարգ: ԱՏՓԿ-ում առաջարկվող լուծումները հարմարեցնելով իր պայմաններին` նա կիրառել է ինչպես աերոլիֆտ պոմպեր, այնպես էլ տղմահեռացման համակարգ: Ձկնաբուծարանն ունի մոտ 80 տոննա ձկան արտադրանք, և ըստ Արտյոմ Թորոսյանի` աերոլիֆտ պոմպերն ապահովում են ձկնարտադրության արդյունավետությունն ու ձկան լավ որակը:
Ձկնարդյունաբերությունը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործման խոշորագույն ոլորտներից մեկն է, որը կազմում է ընդհանուր ջրօգտագործման շուրջ 50%-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը կարևորեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ԳԱՏՕ ծրագրի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են նորարարական և ջրախնայողական լուծումների միջոցով ձկնաբուծության ոլորտի արդյունավետության բարձրացմանն, ներառյալ՝ ձկնաբուծարաների հետադարձ հոսքերի կրկնակի օգտագործումը ոռոգման նպատակներով։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների` ակվակուլտուրայի ոլորտի տեղական արտադրանքը տատանվում է տարեկան 17,000-18,000 տոննայի սահմաններում և հիմնականում կազմված է իշխան ու թառափ ձկնատեսակներից: Ձկնարտադրանքի մոտ 20-30%-ն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Ուկրաինա և այլ երկրներ: Ակվակուլտուրայի արտադրության մեջ ջրախնայողական տեխնոլոգիաների օգտագործումը կնպաստի ծախսերի կրճատմանը և ձկնաբույծների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը: