ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԻ ՀԻՄՔ

Ձախից աջ՝ ԳԱՏՕ ծրագրի պրակտիկանտներ Նառա Մնացականյանը  և Ինգա Սիրադեղյանը:

2019թ. դեկտեմբերին իրենց աշխատանքային պրակտիկան սկսեցին Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկու մագիստրանտներ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրում։ Պրակտիկայի տաս ամիսների ընթացքում Նառա Մնացականյանն ու Ինգա Սիրադեղյանը հաջողությամբ իրականացրեցին ծրագրի կողմից ներկայացված հստակ առաջադրանքները՝ ի նպաստ ՀՀ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման։  Առաջադրվող խնդիրները բավականին տեխնիկական էին ու խրթին, ուստի դրանք իրականացվում էին ծրագրի անձնակազմի կողմից մշտական խորհրդատվության և հսկողության ներքո:

Մենք զրուցեցինք պրակտիկանտների հետ, որոնք կիսեցին իրենց տպավորությունները պրակտիկայի վերաբերյալ. ի՞նչ սովորեցին, ինչպիսի՞ փորձ ձեռք բերեցին, ինչպիսի՞ գործնական կիրառություն ունեցան համեմատաբար կարճատև աշխատանքային փորձի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը։ 

«Գիտելիքի կիրառումը գործնականում լավ մասնագետ դառնալու գրավականն է հանդիսանում…»

Ինգա Սիրադեղյան

Ինգա Սիրադեղյանը՝ ԳԱՏՕ ծրագրի դասընթացին՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի գործիքակազմի օգտագործումը քարտեզագրնան  նպատակով» թեմայով:

«Դեռ ուսանողական առաջին տարիներից երազել եմ ստանալ մագիստրոսի կոչում՝ խորացնելու իմ մասնագիտական գիտելիքները և ճանապարհ հարթելու հետագա աշխատանքի համար: Մագիստրատուրայի իմ թեզը վերաբերում էր ՀՀ Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի ձնահյուսերի վտանգավորության աստիճանի մոդելավորմանն ու գնահատմանը: Սա հեշտ թեմա չէր, այն պահանջում էր ձեռքի տակ ունենալ առավել նոր գործիքներ և ապահովել դրանց թիրախային կիրառությունը: Ահա այստեղ է, որ օգնության եկավ ԳԱՏՕ ծրագրի ընձեռած հնարավորությունը։

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ  ծրագրին դիմելուց հետո, ինձ համար մի նոր և անծայրածիր հորիզոն բացվեց: Որպես պրակտիկանտ, ես պատկերացում կազմեցի իմ մասնագիտության կիրառական կողմերի մասին, սովորեցի կարողություններս և փորձառությունս արդյունավետ կիրառել կոնկրետ մասնագիտական նպատակների կամ առաջադրանքների իրականացման համար:

Թեզիս ուսումնասիրության համար ես կիրառեցի ԳԱՏՕ ծրագրում ջրային ռեսուրսների կառավարման նպատակով ներդրված նորարարական մոտեցումները և գործիքները, մասնավորապես՝ ArcGIS (Երկրատեղեկատվական համակարգ) և Analytical Hierarcy Process (AHP) վերլուծության մեթոդը։  ArcGIS միջավայրում աշխատելն ինձ տվեց պրակտիկ գործիքների կիրառության այնպիսի փորձ և հմտություն, որոնց միջոցով ես կարողացա մոդելավորել Զանգեզուրի լեռնաշղթայի ձնահյուսավտանգ տարածքները, գնահատել դրանց վտանգավորության աստիճանը:  Այսպիսով՝ ձեռք բերված նոր հմտությունները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում առկա խնդիրների և՛ ռազմավարական, և՛ տնտեսական տեսանկյունից խորքային վերլուծություններ կատարելու և հիմնավորված լուծումներ առաջարկելու համար: Համոզված եմ, այս գիտելիքներն ինձ կօգնեն մրցունակ լինել աշխատաշուկայում որպես սկսնակ:

Բացի դրանից, ԳԱՏՕ ծրագրում աշխատելիս ձեռք բերեցի մի շարք այլ հմտություններ, որոնք որպես հիմնաքար են ծառայում իմ այժմյան աշխատանքում․ տվյալների կազմակերպումը տվյալների բազայում, տվյալների ժամանակային շարքերի վերլուծությունը, տվյալների տարածական վերլուծությունը ArcGIS միջավայրում»։

ԳԱՏՕ ծրագրում պրակտիկան ավարտելուց անմիջապես հետո, սույն թվականի հուլիսից, Ինգան աշխատում է հայրենի Ալավերդիում՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունում, որպես փորձագետի օգնական։ Կենտրոնի անձնակազմի հետ միասին Ինգան աշխատում է ՀՀ Լոռու մարզի համայնքների տարբեր խնդիրների վերհանման և վերլուծության, բնակչության իրավունքների ոտնահարման դեպքերի բարձրաձայնման, խորհրդատվության և այլ աջակցության կազմակերպման ուղղություններով՝ կիրառելով ԳԱՏՕ ծրագրում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: 

Մեր զրույցի վերջում Ինգան ասաց. «Այս ամենից զատ, սակայն, ուզում եմ մեկ այլ և նույնքան կարևոր բան շեշտել։ ԳԱՏՕ ծրագրի պրակտիկայի ժամանակ ես սովորեցի աշխատել արհեստավարժ թիմի հետ, նրանցից սովորել, լսել նրանց ամենօրյա խորհուրդները և այդ շփման մեջ աճել մասնագիտորեն և անձնապես:  Սա ես համարում եմ թերևս ամենակարևոր օգուտներից մեկը՝  լինել թիմի արդյունավետ անդամ և նման կարևոր ծրագրի մի մասը»։

նառա Մնացականյան

«Ավարտական թեզս՝ «Անշարժ գույքի գործարքները միջնադարյան Հայաստանում», վերաբերում էր  միջնադարյան Հայաստանում գործած կադաստրային համակարգի նախատիպին ու իրականացված թեմա, որի համար հարկավոր էին հավաստի տվյալներ, դրանց աղբյուրների և լայնածավալ տվյալների վերլուծություն:

ԳԱՏՕ ծրագրի պրակտիկայի ընթացքում ձեռք բերված մոդելավորման փորձի հիման վրա, մշակեցի տվյալների մեծ բազա թեզիս համար: Բացի դրանից, բազմիցս կիրառել եմ այս գործնական գիտելիքները թեմատիկ քարտեզների ստեղծման ու ձևավորման գործում: 

ԳԱՏՕ ծրագրում ձեռք բերված գիտելիքներն ինձ ոգևորեցին՝ ընդգրկվելու մի բիզնես-ծրագրում և ես  հաջողության հույսեր ունեմ։ Անխոս, ԳԱՏՕ ծրագիրը մեծ փորձ էր ոլորտում առաջին քայլերն անող մասնագետի կայացման համար։  Այն Երկրատեղեկատվական համակարգի վերլուծաբանի հիանալի փորձառություն էր։

Ներկայումս Նառան աշխատում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, որտեղ դասավանդում է տեղեկատվական համակարգերի վերլուծություն՝ ԵՏՀ կիրառությամբ, առարկան:

«Իմ աշխատանքային կարիերայի և ապագայի հետ կապված բոլոր տեսլականներս կապված են ԵՏՀ վերլուծությունների հետ.  չգիտեմ ինչու՞, բայց չափազանց շատ եմ սիրում աշխատանքս ու հիմա էլ փորձում եմ այդ ոլորտում կատարելագործվել»: