Եղեգնուտ համայնքի խմելու ջրի համակարգի բարելավման ծրագրի առցանց բացում

Սույն թվականի հուլիսի 30-ին տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)  ֆինանսավորմամբ իրականացված Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի  առցանց բացումը։

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ  «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water)   ծրագրերի և Եղեգնուտ համայնքի համագործակցության շնորհիվ:  Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Արմավիրի  մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Եղեգնուտ համայնքի  փոխգյուղապետի  ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խուրշուդյանը,  գործընկեր կազմակերպությունների և համայնքի ներկայացուցիչները, հյուրեր:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Եղեգնուտի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի արդյունքների մասին տեսանյութը։

Ծրագրի իրականացման արդյունքում գյուղի բոլոր տնային տնտեսություններն ունեն շուրջօրյա քլորացված ջրամատակարարում։ Մասնավորապես վերանորոգվել է խմելու ջրագծի համակարգը. կառուցվել են նոր պոմպակայան և քլորացման կայան,  ամբողջությամբ փոխարինել են հին ջրագծի քայքայված խողովակները  նոր, պոլիէթիլենային խողովակներով, տեղադրվել են ջրաչափեր բոլոր տներում, համայնքին տրամադրվել է ջրի սպառման և մուծումների հաշվառման արդյունավետ  գրանցման նոր համակարգչային ծրագիր:

Այս Ծրագիրը միայն ջուր չի, որ ապահովել է համայնքին. ջրամատակարարման բարեկարգված համակարգի շնորհիվ ջրի և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն կա ներկայումս – տարեկան 308,000 մ3 ջուր և 118 մՎտ*ժ էներգիա:

Իր ողջույնի խոսքում Արմավիր մարզպետ պարոն Մաթևոսյանը կարևորեց արդեն վերանորոգված ենթակառուցվածքի փոխանցումը համայնքին հետագա կառավարման և շահագործման համար։ <<Ամեն ինչ հնարավոր է իրականացնել ճիշտ գործընկերներ ընտրելու, աշխատանքը ճիշտ կազմակերպելու և աշխատանքի հանդեպ սրտացավ վերաբերմունք ունենալու դեպքում>>,- նշեց նա։

Ծրագրի մեկ այլ արդյունք. համայնքի երկու բնակիչ կունենան աշխատանք: Վերապատրաստվելով ծրագրի շրջանակներում, նրանք կհսկեն և կապահովեն ջրամատակարարման համակարգի անխափան աշխատանքը: 

<< Շնորհավորում եմ Եղեգնուտի բնակիչներին այս բացառիկ առիթով, և հպարտ եմ ու երջանիկ, որ մաս եմ կազմում այս տոնակատարության՝ թեկուզ և առցանց հարթակում։ Եղեգնուտ համայնքը 2 տասնյամյակից ավելի զրկված է եղել անվտանգ և ապահով խմելու ջրից,  համակարգում հոսակորուստները կազմել են մոտ 70 տոկոս քայքայված ջրագծերի պատճառով։ Շնորհակալություն եմ հայտնում այն օժանդակության համար, որ համայնքը ցուցաբերեց ԳԱՏՕ և PURE-Water ծրագրերին` իրականություն դարձնելու համայնքի ավելի քան 2200 բնակիչների համար շաբաթական 7 օրվա ընթացքում 24-ժամյա մաքուր և անվտանգ ջուր ունենալու երազանքը>>. իր բացման խոսքում նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։