Կոկա-Կոլա ընկերության կողմից կազմակերպված շահառուների հետ ֆորումին ներկայացվել է ջրային ռեսուրսների կառավարման լավագույն փորձը

2019 թվականի հոկտեմբերի 16-17-ը Աթենքում տեղի ունեցավ Կոկա-Կոլա ընկերության կողմից կազմակերպված շահառուների հետ ֆորումը, որին մասնակցեց նաև ԳԱՏՕ ծրագիրը։ ԱՄՆ ՄԶԳ ջրային պաշարների, էներեգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով խորհրդատու Մարինա Վարդանյանը ներկայացրեց Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանման գործողությունները, որոնք իրականացվել են  Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերության հետ համագործակցությամբ։   

2016 թվականի հուլիսին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության, Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության (այժմ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը նպատակաուղղված է Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու պահպանմանը։ Նշված գործընկերության շրջանակում՝ Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունն աջակցեց ԳԱՏՕ ծրագրի մի քանի նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայանիստ գյուղում ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում ստորերկրյա ջրօգտագործման մոնիթորինգի առցանց ավտոմատացված համակարգի տեղադրմանը։ 

Աթենքում կայացած շահառուների հետ ֆորումը, որին մասնակցեցին 30 երկրների 35 շահառուներ, տեղի ունեցավ Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության կողմից իրականացվող ջրի խնայողության ծրագրերի շրջանակում։ Այս տարվա քննարկումն ուներ երեք ուղղվածություն՝ կլիմայի փոփոխություն և ջրային ռեսուրսների կառավարում, ջրի սակավության խնդիրների լուծման շուրջ համագործակցություն, ջրի արդյունավետ օգտագործման վերաբերյալ հանրության իրազեկում։ Կոկա-Կոլա ընկերությունն նպաստում է նշված ուղղություններով իրականացվող գործողությունների իրականացմանը՝ Ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերում ներգրավված գործընկերների միջոցով։