Արդյունավետ ջրամատակարարում Առատաշեն գյուղում․ ամփոփում ենք դրական արդյունքները

Մանկապարտեզի երեխաները լվանում են ձեռքերը ճաշից առաջ։

Ջուրը կյանքի համար ունի կարևորագույն նշանակություն։ Հայաստանի Արարատյան դաշտի գրեթե 30 համայնքներում կա խմելու և ոռոգման ջրի սակավության խնդիր։ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շնորհիվ Առատաշեն համայնքի 3200 բնակիչներն ապահովվեցին շուրջօրյա հուսալի ջրամատակարարմամբ։
ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ (Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության) ծրագիրը նշված համայնքում իրականացրեց ենթակառուցվածքների բարելավման լայնածավալ ծրագիր, մասնավորապես, նոր պոմպակայանի տեղադրում, 10 կմ մաշված խողովակների փոխարինում, ջրաչափական համակարգի ներդրում։ Ջուրն արտեզյան հորից հանվում է պոմպամղման եղանակով և մաքրվելուց հետո մատակարարվում բնակիչներին։ Այն ապահով է խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար։

Մանկապարտեզի խողանոցում։

Այն հարցին, թե գոհ են արդյոք ծրագրի արդյունքներից, գյուղի մանկապարտեզի տնօրեն Նվարդ Խաչատրյանը պատասխանեց․ «Այնպիսի թեթևություն է, որ արդեն ունենք կայուն ջրամատակարարում։ Պատկերացրեք միայն, թե որքան ջուր է ամեն օր օգտագործվում մանկապարտեզում ճաշ եփելու, լվանալու և մաքրելու համար։ Նախկինում մեծ դույլերով ջուր էինք հավաքում՝ այդ կարիքները հոգալու համար։»

2019թ․-ի հունիսից Առատաշեն համայնքում բարեհաջող շահագործվում է ջրամատակարարման նոր համակարգը։ 2019թ․-ի հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքները ցույց տվեցին, որ համայնքի էլեկտրաէներգիայի և պոմպամղման ծախսը համարյա եռապատիկ նվազել է՝ համեմատած 2018թ․-ի նույն ժամանակաշրջանի հետ (2.2 մլն․ դրամից դարձել 727,779)։ Գյուղապետը հաստատեց, որ անցյալում ստիպված են եղել երեք պոմպ շահագործել, սակայն շուրջօրյա ջրամատակարարում այդպես էլ չեն կարողացել ապահովել։ Արդյունքները ցույց են տալիս, որ նախկինում կրկնակի անգամ ավելի ջրամատակարարում է իրականացվել՝ ցանցից ջրի հսկայական կորուստների և համակարգի անարդյունավետ շահագործման պատճառով։

Լենա Եգորյանը լվանում է սպասքը ընտանեկան հավաքույթից հետո։

«Անցյալի հետ նույնիսկ չի կարելի համեմատել։ Նախկինում ջուր ունեցել ենք օրական կամ օրը մեջ մի քանի ժամով։ Անկասկած, պատրաստ ենք վճարել, քանի որ հիմա ունենք մշտական ջուր»,- նշեց Առատաշեն համայնքի բնակիչ, տնային տնտեսուհի Լենա Եգորյանը։

Էապես ավելացել են համայնքի բնակիչների կողմից ջրի վճարումները, այդ թվում՝ 1,5 մլն․ ՀՀ դրամի չափով հին պարտքերի վճարումը։ 2019թ․-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին համայնքի տեղական բյուջեն լցվել է մոտ 3 մլն դրամով։ Արդյունքում համայնքը կարողացել է տեղադրել լրացուցիչ 1800 մ խողովակաշար՝ մնացած երեք փողոցների 47 տնային տնտեսություններին ջրամատակարարմամբ ապահովելու համար։

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ և PURE Water ծրագրերի համատեղ ջանքերի, ինչպես նաև համայնքի կողմից ծրագրի իրենց մասը կատարելու հանձնառության շնորհիվ Առատաշեն համայնքն ապահովվեց հուսալի և ապահով ջրամատակարարմամբ։ Գյուղական բնակավայրերի ծրագրերը կայուն են, եթե համայնքները պատրաստ են իրենց վրա կրել ենթակառուցվածքի պատշաճ պահպանման և ծրագրի շարունակականության ապահովման պատասխանատվությունը։