ԱՄՆ ՄԶԳ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ս․թ․ հունիսի 24-ին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը։ Այս աջակցության շնորհիվ ծրագրի շահառուները՝ Առատաշեն համայնքի 3200 բնակիչները կունենան շուրջօրյա որակյալ ջրամատակարարում՝ նախկին չորս ժամվա փոխարեն։   

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցեցին համայնքային միջոցառմանը և միասին գործարկեցին նոր պոմպը։ Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին գյուղով, հանդիպեցին շահառուներին և տեսան նոր տեղադրված ջրամատակարարման համակարգի աշխատանքը։  

Տասնյակ տարիների ընթացքում Առատաշենի ջրամատակարարման հին ցանցն անարդյունավետ էր գործում․ առկա էին ջրի հսկայական կորուստներ և աղտոտման մեծ ռիսկեր։ Խորհրդային ժամանակներից ի վեր չէր արվել որևէ կապիտալ ներդրում մաշված ցանցի բարելավման նպատակով, և ժանգոտած խողովակների շահագործման հետևանքով ջրի գրեթե 80%-ը չէր հասնում սպառողին։ Ջրաչափական համակարգի բացակայության պատճառով մեծ քանակությամբ ջուր էր վատնվում։ Գյուղապետ Վահրամ Հարությունյանի խոսքերով, նույնիսկ երեք պոմպի շահագործման դեպքում այդպես էլ չէր հաջողվում համայնքն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Ջրի խնդիրը սրանում էր հատկապես ամառային սեզոնին, երբ ավելանում էր ջրապահանջը, և գյուղի որոշ թաղամասեր՝ հատկապես ծայրամասային, ընդհանրապես ջուր չէր հասնում։

Առատաշեն համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներն իրականացվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագրերի, ինչպես նաև համայնքի համատեղ ջանքերով։ Վերակառուցվել է 10 կմ երկարությամբ  ցանցը՝ պոլիէթիլենային խողովակաշարով, տեղադրվել են ջրաչափական սարքեր, ներդրվել է ջրամատակարարման ծառայությունների հաշվառման և վճարների հավաքագրման նոր համակարգ, ինչպես նաև կառուցվել են նոր պոմպակայան և քլորակայան։ Ցանցի բարելավման շնորհիվ համայնքը կկարողանա խնայել տարեկան 557,000 խորանարդ մետր ջուր և 204 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա։

Առատաշենի ջրի հետ կապված խնդիրները բնորոշ են այդ տարածաշրջանի ավելի քան 30 համայնքների համար, որոնք այսօր կանգնած են խմելու և ոռոգման ջրի սակավության մարտահրավերի առաջ՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների նվազման հետևանքով։ Այն ազդում է նշված համայնքների մոտ 80000 բնակիչների կյանքի որակի և տնտեսական բարեկեցության վրա։ Առատաշենից բացի ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ԳԱՏՕ և PURE Water ծրագրերը համատեղ ուժերով վերականգնում են Արարատի և Արմավիրի մարզերի ևս չորս համայնքների ջրային ենթակառուցվածքները։ Ծրագրերը կիրառում են ջրի և էներգիայի խնայողությանը նպաստող ժամանակակից տեխնոլոգիաներ՝ նշված համայնքներին խմելու և ոռոգման ջրով ապահովելու համար։  

« 1 of 2 »