ԳԱՏՕ ծրագրի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության համատեղ ջանքերով՝ 2016 թ. հուլիսի 20-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում կտեղադրվի ավտոմատ կառավարման կենտրոնացված առցանց համակարգ: Պիլոտային ծրագրի արդյունքում ձկնաբուծական տնտեսությունների 20 ջրառի կետերում կտեղադրվեն հոսքաչափեր և տվյալներ գրանցող սարքավորումներ, որոնց միջոցով ստորերկրյա ջրերի հոսքի տվյալները իրական ժամանակային ռեժիմով փոխանցվելու են Բնապահպանության նախարարության հեռակա սերվերին: Տվյալները թարմացվելու են 5 րոպե հաճախականությամբ և պահպանվելու են մինչև 5 տարի ժամկետով:
Պիլոտային փուլում ծրագրի մեջ ընդգրկված են Արարատյան դաշտի 4 խոշոր ձկնաբուծական տնտեսություններ՝ «Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Մաքս Ֆիշ», «Յունիֆիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: Համակարգի բարեհաջող գործարկումից հետո Կառավարությունը նախատեսում է տեղադրել այն Արարատյան դաշտի մյուս ձկնաբուծարաններում:
Ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի ներդրումը հնարավորություն կտա բարելավել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման մոնիտորինգը, մասնավորապես՝ հսկողությունը ջրային թույլտվությունների համապատասխանության նկատմամբ: Բացի այդ, հուսալի տվյալների համակարգի և վերլուծական գործիքների առկայությունը հիմք կհանդիսանա Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վերաբերյալ ավելի իրազեկված և հիմնավորված որոշումների կայացման համար: