Հիդրոլոգիական և ստորերկրյա ջրերի մոդելավորման նոր գործիքների ուսուցում

Aquaveo-ի մասնագետը ներկայացնում է ուսուցման ծրագիրը դասընթացի մասնակիցներին:

Հունվարի 15-ին մեկնարկեց ԳԱՏՕ ծրագրի կազմակերպած «Շերտագրության և ստորերկրյա ջրերի մոդելավորում Arc Hydro Groundwater (AHGW), Groundwater Modeling System (GMS) և MODFLOW մոդելավորման գործիքակազմի կիրառմամբ» թեմայով հնգօրյա վերապատրաստման դասընթացը: Վերջինս անցկացվում է ամերիկյան AQUAVEO ընկերության կողմից, որն առաջարկում է հիդրավլիկ, հիդրոլոգիական և ստորերկրյա ջրերի մոդելավորման ծրագրային լուծումներ, որոնք հիմնված են ԵՏՀ-ի վրա: AQUAVEO ընկերությունը մասնավորապես զբաղվում է AHGW-ի, ԵՏՀ տվյալների մոդելի և գործիքների մշակմամբ, տարածմամբ, ուսուցմամբ, ինչպես նաև տեխնիկական աջակցության տրամադրմամբ:

Դասընթացին մասնակցում են ԳԱՏՕ ծրագրի, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև գիտաուսումնական հաստատությունների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ներկայացուցիչները: 2017թ.-ի դեկտեմբերին ԳԱՏՕ ծրագրի ԵՏՀ մասնագետը ՀՀ բնապահպանության նախարարության անձնակազմի համար անցկացրել էր «ԵՏՀ ուսուցում սկսնակների համար» դասընթացը, որի տրամաբանական շարունակությունն է այս հնգօրյա վերապատրաստումը: ԵՏՀ ոլորտի մասնագետները հետագայում հանդես կգան որպես վերապատրաստող:

Ավելի արդյունավետ ուսուցման համար դասընթացն անց է կացվում Ամերիկյան համալսարանի համակարգչային լաբորատորիայում:
Ծրագրային գործիքի կողմից ստեղծված եռաչափ երկրաբանական զանգվածներ

Դասընթացը կբարձրացնի տեղական մասնագետների կարողությունները հիդրավլիկ, հիդրոլոգիական և ստորերկրյա ջրերի մոդելավորման ծրագրային լուծումների կիրառման ոլորտում ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարման համար: Վերապատրաստման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել MODFLOW և AHGW մոդելավորման գործիքներին: Դասընթացը կանցկացվի ինտերակտիվ եղանակով՝ մասնակիցներին փոխանցելով գործիքների կիրառման գործնական հմտություններ, մասնավորապես՝ AHGW աշխարհագրական տվյալների բազայի կառուցում և տեղայնացում, տվյալների ներմուծում, ժամանակային տվյալների (օր.՝ ջրի մակարդակ, որակ) քարտեզների պատրաստում, հորատանցքերի տվյալների մշակում և պատկերում, ArcGIS-ում եռաչափ հիդրոերկրաբանական մոդելների կառուցում, այդ թվում՝ երկչափ, եռաչափ կտրվածքների և ծավալների կառուցման մոդելները, և ներմուծում, խմբագրում, պատկերում, ինչպես նաև ArcGIS-ում MODFLOW մոդելներով պրոցեսների հաջորդականության սահմանում: