ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄ ՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) գործընկերների հետ միասին նշեց Արարատի մարզի Սիփանիկ գյուղի մոտակայքում գտնվող ինքնաշատրվանող հորի լուծարման ծրագրի ավարտը: Համայնքում կայացած միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքի անդամներ և հարևան գյուղերի գյուղապետեր:

2016 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից իրականացված ստորերկրյա հորատանցքերի, բնաղբյուրների և ձկնաբուծական տնտեսությունների գույքագրման տվյալներով պարզվեց, որ Արարատյան դաշտում կան 135 չշահագործվող հորատանցքեր՝ տարեկան մոտ 35 մլն. խորանարդ մետր արտահոսքով: Արդյունքում, վատնվում է բարձրորակ ստորերկրյա ջրային ռեսուրսը՝ էլ ավելի խախտելով ստորերկրյա ջրատար հորիզոնների էկոլոգիական հավասարակշռությունը:

Սիփանիկ գյուղի խորքային հորի լուծարման ծրագիրը նախաձեռնվեց Սիփանիկի գյուղապետի դիմումի հիման վրա՝ ՀՀ բնապահպանության նախարարության միջնորդությամբ: Ինքնաշատրվանող այս հորը երբևէ չէր շահագործվել համայնքի կողմից. ջուրը հեղեղում էր գյուղի շրջակա տարածքը`բերելով դաշտերի ճահճակալման: 60 լիտր վայրկյան ջրատվություն ունեցող հորի փակման արդյունքում տարեկան կխնայվի մոտ 1.9 մլն խորանարդ մետր ջուր:

Սիփանիկ գյուղի խորքային հորի լուծարումն իրականացվեց ԳԱՏՕ ծրագրի՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրների լուծման ոլորտում ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շրջանակում: Ի թիվս այլ գործողությունների՝ Արարատյան դաշտում իրականացվող պիլոտային ծրագրերի միջոցով ԳԱՏՕ-ն ցուցադրում է  նորարարական տեխնոլոգիաների և մոտեցումների կիրառումը ստորերկրյա ջրերի և էներգիայի խնայողության ոլորտում:

Չշահագործվող արտեզյան հորերի լուծարման ծրագրերը հսկայական ներուժ ունեն՝ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի պահպանության առումով: Միևնույն ժամանակ, հորերի օպտիմալացումը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսի ավելի արդյունավետ օգտագործմանը:

« 1 of 2 »