ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնը կարևոր նվաճումների են հասնում՝ համագործակցելով Հայաստանում ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացման ուղղությամբ: Օգոստոսի 29-30-ին ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի Դակոտայի թիմը հայաստանյան մասնագետների համար անցկացրեց վեբինար՝ հիդրոերկրաբանական կառուցվածքի, ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման տարբերակների, Արարատյան արտեզյան ավազանի համար ստորերկրյա ջրերի-հոսքի մոդելի մշակման հաջորդ քայլերի վերաբերյալ: Վեբինարին մասնակցեցին ԳԱՏՕ ծրագրի, ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները:
Վեբինարն անցկացվեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի կողմից համատեղ իրականացվող՝ Հայաստանի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում, որ նպատակաուղղված է Արարատյան դաշտի հիդրոերկրաբանական կառուցվածքի, ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների և վիճակի բնութագրմանը, ինչպես նաև ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով՝ տեղական մասնագետների տեխնիկական կարողությունների զարգացմանը:
2016թ.-ի փետրվար-մարտ ամիսներին ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի թիմն այցելել էր Հայաստան՝ շահագրգիռ կողմերին հանդիպելու, տեղում տվյալներ հավաքելու և տեղական մասնագետների համար հորատանցքերի գույքագրման և ջրի որակի նմուշառման ընթացակարգերի վերաբերյալ վերապատրաստում անցկացնելու նպատակով:
Վեբինարի ընթացքում ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի փորձագետները մանրամասնորեն ներկայացրեցին Արարատյան արտեզյան ավազանի հիդրոերկրաբանական կառուցվածքը, ինչպես նաև մեթոդաբանությունները, որոնք կիրառվել էին առաջավոր գործիքների օգնությամբ տարածքի բարդ հիդրոերկրաբանական կառուցվածքը մշակելու համար: ԳԱՏՕ ծրագրի թիմը ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնին տրամադրել էր մեծ քանակությամբ տվյալներ, այդ թվում՝ առկա երկրաբանական քարտեզները, հորատանցքերի լիթոլոգիական տվյալները, հորատանցքերի անձնագրային տվյալները, ստորերկրյա ջրի մակարդակի չափումների տվյալները և այլ տեղեկատվություն, որ հավաքվել և համախմբվել էր ԳԱՏՕ ծրագրի կողմից 2016թ.-ին հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնաբուծական տնտեսությունների գույքագրման արդյունքում: Ջանեթ Քարթերը՝ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի Դակոտայի տարածաշրջանի Ջրային ռեսուրսների գիտական կենտրոնի փոխտնօրենը, ասաց. «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների և ստորերկրյա ջրօգտագործման մանրամասն նկարագրման համար բացառապես կարևոր էին գույքագրման տվյալները»: ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի Դակոտայի տարածաշրջանի Ջրային ռեսուրսների գիտական կենտրոնի հիդրոերկրաբան, ստորերկրյա ջրային ռեսուրսների մասնագետ Ջոշուա Վալդերը նշեց. «Հայաստանյան գործընկերների տրամադրած տվյալների շարքերի մեծ մասը հնարավոր եղավ օգտագործել մեր հետազոտության մեջ, ինչը բացառիկ է երևույթ է: Այլ երկրներում առկա տվյալների շարքերի 2-8%-ն է հնարավոր լինում օգտագործել»:
ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի աննկարագրելի ջանքերի արդյունքում պատրաստված Հիդրոերկրաբանական կառուցվածքի վերաբերյալ հաշվետվությունը կհրապարակվի առցանց և հասանելի կլինի հանրությանը: Հիդրոերկրաբանական կառուցվածքի բնութագրումը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի-հոսքի մոդելի մշակման առաջին քայլն է: Մոդելը որպես կարևոր գործիք կօգտագործվի ռազմավարական նշանակություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ իրազեկ որոշումների կայացման համար: