Փետրվարի 16-ին ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը (ՋՌԿԳ) աշխատանքային հանդիպում ունեցավ ձկնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստորերկրյա ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման համակարգը ներկայացնելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության աջակցությամբ Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների 20 ջրառի կետերում պիլոտային եղանակով կտեղադրվի առցանց վերահսկման նոր համակարգը: Համակարգի ներդրման ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2017 թվականի գերակայություններից բխող բնապահպանական միջոցառումների ցանկում:
ՋՌԿԳ-ի պետը հստակորեն նշեց, որ պիլոտային ծրագրում ներգրավված ձկնաբուծական տնտեսությունները համակարգի տեղադրման և պահպանման հետ կապված որևէ ծախս չեն կրի մինչև ԳԱՏՕ ծրագրի ավարտը: Ջրառի կետերում ավտոմատ, առցանց վերահսկման համակարգի տեղադրումը ապագայում բոլոր ձկնաբուծական տնտեսությունների համար կլինի պարտադիր: Հանդիպման նպատակն էր խրախուսել ՀՀ կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների միջև երկխոսությունը: Ձկնաբուծարանների տերերը հնարավորություն ունեցան արտահայտելու օրենսդրական նոր միջոցառման հետ կապված իրենց մտահոգությունը, մասնավորապես ծախսերը, որ ապագայում կկրեն տնտեսվարող սուբյեկտները: Քննարկումների ընթացքում նաև բացահայտվեցին փաստեր անցյալում ջրօգտագործման թույլտվությունների տրման ընթացքում եղած խոշոր մասշտաբի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ:
Տեղադրված ավտոմատ վերահսկման նոր համակարգը հնարավորություն կտա ստանալու առցանց տվյալներ կոնկրետ ջրառի կետից փաստացի ջրօգտագործման վերաբերյալ և անմիջապես բացահայտելու ջրառի թույլատրելի առավելագույն քանակի սահմանանցման դեպքերը: Մյուս կողմից, ՋՌԿԳ-ն կարող է վերանայել այն ձկնաբուծարանների ջրօգտագործման թույլտվությունները, որոնց փաստացի ջրառի քանակը, ըստ գրանցված տվյալների, ցածր կլինի ՋԹ-ով սահմանված առավելագույն ջրաքանակից: Ավտոմատ, առցանց վերահսկման համակարգի ներդրման նպատակն է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և ուժեղացնել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրօգտագործման նկատմամբ վերահսկումը: