Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային պաշարները հիմնականում կենտրոնացած են Արարատյան դաշտում: Վերջին տասնամյակում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալը հասել է աննախադեպ ցուցանիշի, որի պատճառով արտեզյան գոտին կրճատվել է ավելի քան 60%-ով: Ստորերկրյա ջրերի մակարդակը նվազել է միջինը 9 մետրով՝ բերելով սակավաջրության: Ջրառի խոշոր ծավալները հիմնականում պայմանավորված են տարածաշրջանում մեծ թվով ձկնաբուծարանների շահագործմամբ: Բարձրորակ ստորերկրյա ջրային ռեսուրսները տարիներ շարունակ օգտագործվել են ձկնաբուծության նպատակով՝ առանց պատշաճ կարգավորման և վերահսկման:
Ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով, սկսած 2014 թվականից,
ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք քաղաքականություններ և օրենսդրական միջոցառումներ, այդ թվում՝ ստորերկրյա ջրի օգտագործման վճարի դրույքաչափերի և ջրօգտագործման թույլտվությունների պայմանների վերանայում, ապօրինի կամ լքված հորատանցքերի փակում, վերահսկողության ուժեղացում: ՀՀ կառավարության 2017թ.-ի ծրագրով նախատեսված գերակայություններից է Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման առցանց մոնիթորինգի ավտոմատացված 20 համակարգերի ներդրումը: Ընդհանուր առմամբ,
ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված են 140 գերակա խնդիրներ՝ երկրի տնտեսական և սոցիալական ոլորտներից:
2017թ.-ին առցանց մոնիթորինգի համակարգեր կտեղադրվեն ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության և ՀՀ Բնապահպանության նախարարության միջև 2016թ.-ի հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Մինչև 2020թ.-ին ԳԱՏՕ ծրագրի ավարտը ԱՄՆ ՄԶԳ-ն կավելացնի առցանց մոնիթորինգի համակարգերի թիվը (40)՝ ներառելով խոշոր ձկնաբուծարանները: Նոր համակարգը հնարավորություն կտա առցանց վերահսկելու ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի օգտագործումը` այդպիսով կանխելով ջրառի թույլատրելի առավելագույն ծավալների գերազանցումը: Համակարգի միջոցով կբարելավվի ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման ապահովման մեխանիզմը: Տվյալները կլինեն հրապարակային: