Քննարկվեցին Արարատյան դաշտի ստորերկյա ջրային ռեսուրսների պահպանման խնդիրները

dsc_0667«Գիտական առաջադեմ տեխնոլոգիա­ների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանու­թյան» (ԳԱՏՕ) ծրագիրը նոյեմբերի 9-ին կազմակերպեց կլոր սեղան, որի նպատակն էր քննարկել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակը: Հանդիպմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը,  Բնապահպանության, Գյուղատնտեսության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարները, այլ որոշում կայացնողները, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և շահագրգիռ կողմերին շարունակական համագործակցության, ինչպես նաև Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումները և ջրային ռեսուրսների կայուն կառավարումը խթանելու հանձնառության համար: ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն ընդգծեց, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանումը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրների շարքում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վիճակը եղել է հանրային քննարկման առարկա: Դաշտային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արարատյան դաշտի արտեզյան գոտին կրճատվել է. անվերահսկելի ջրառի հետևանքով (մասնավորապես ձկնաբուծարանների կողմից) նկատելիորեն իջել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակը, որի արդյունքում ոռոգման և խմելու ջրի խնդիրներ են առաջացել տեղի համայնքներում: ԳԱՏՕ ծրագիրը հարցում է անցկացրել Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում. պատասխանողների մեծ մասը նշել է, որ վերջին տարիներին էականորեն իջել է ջրի մակարդակը:

Հանդիպման ընթացքում ԳԱՏՕ ծրագիրը ներկայացրեց «Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում. ձկնաբուծության ոլորտի դերը» զեկույցը, որն իրենից ներկայացնում է համապարփակ ուսումնասիրություն՝ ընդգրկելով Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդրի բազմակողմանի վերլուծությունը, ռեսուրսի պահպանման անհրաժեշտությունը, ձկնաբուծության ոլորտի տնտեսական վերլուծությունը և միտումները, առնչվող գյուղական համայնքների վրա ձկնաբուծության ազդեցության գնահատումը և մեղմացման միջոցառումները:

ԳԱՏՕ ծրագրի թիմը ներկայացրեց Արարատյան դաշտում ձկնաբուծարանների կողմից անվերահսկելի ջրօգտագործումը և դրա հետևանքները, ինչպես նաև քաղաքականության, վարչական և տնտեսական մեխանիզմներ առաջարկեց իրավիճակը բարելավելու համար: Ի թիվս այլ միջոցառումների, առաջարկվեցին ջրօգտագործման թույլտվությունների պահանջների կատարման ապահովումը, ռեսուրսավճարի աճող բլոկային կառուցվածքի ընդունումը, ինչպես նաև ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ ժամանակակակից ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման, լքված հորատանցքերի լուծարման միջոցով:

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման համար բավարար չէ միայն ջրօգտագործման վճարի դրույքաչափի փոփոխությունը: Անհրաժեշտ է Արարատյան դաշտի համար ընդունել ջրային ոլորտի կառավարման նոր, խելամիտ քաղաքականություն և ապահովել ջրօգտագործման տվյալների թափանցիկությունն ու հուսալիությունը: Օրինակ, տեղադրելով ստորերկրյա ջրերի օգտագործման առցանց մոնիտորինգի համակարգ հնարավոր կլինի վերահսկել Արարատյան դաշտի ձկնաբուծարանների ջրառը: Այդպիսով կնվազի կոռուպցիայի, խարդախությունների և ջրային ռեսուրսի գերօգտագործման հավանականությունը: Ջրային ռեսուրսների պահպանման խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար անհրաժեշտ է ջրային ռեսուրսների կառավարման համակարգային մոտեցում՝ քաղաքականության, վերահսկողության և տնտեսական գործիքները համատեղ կիրառելով: