Ապրիլի 4-5-ը ԳԱՏՕ ծրագիրն անցկացրեց Միջգերատեսչական հանձնախմբի երկրորդ հանդիպումը, որի նպատակն է ՀՀ կաառվարությանը ներկայացնել առաջարկություններ Արարատյան դաշտում ձկնաբուծության նպատակով օգտագործվող ստորգետնյա ջրերի օպտիմալ դրույքաչափի վերաբերյալ:
2016 թ. հունվարին կայացած առաջին հանդիպումից հետո մշակվեց Հանձնախմբի գործողությունների ճանապարհային քարտեզը: ԳԱՏՕ ծրագրի մասնագետների կողմից իրականացվեց ձկնաբուծարանների էլեկտրոնային հարցում, ինչպես նաև կազմակերպվեցին շրջայցներ տարբեր ձկնաբուծարաններ, որոնց նպատակն էր հավաքել տվյալներ ոլորտի ներկա վիճակի և առկա խնդիրների վերաբերյալ՝ հաշվի առնելով շուկայում տեղի ունեցող զարգացումները: Հարցման արդյունքները, այցելությունների ընթացքում արձանգրված փաստերը, խնդիրներն ու դիտարկումները, ինչպես նաև ձկնարտադրության ոլորտի նախնական տնտեսական վերլուծության արդյունքները ներկայացվեցին և քննարկվեցին մասնակիցների հետ:
Հանդիպման մեկ այլ կարևոր թեմաներից էր ձկնաբուծարանների դասակարգումը: ԳԱՏՕ ծրագրի կողմից վերլուծվել է ձկնաբուծարանների դասակարգման միջազգային փորձը: Հանձնախմբի ադամները ներկայացրեցին իրենց առաջարկությունները խոշոր, միջին և փոքր տնտեսությունների դասակարգման չափորոշիչների վերաբերյալ: Այդ դասակարգումը հատկապես կարևոր է, եթե կառավարությանը ներկայացվի առաջարկություն ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ստորգետնյա ջրերի դիմաց դիվերսիֆիկացված վճար կիրառելու ուղղությամբ:
Մասնակիցների մեջ բուռն քննարկումներ տեղի ունեցան ձկնարտադրության ոլորտին առնչվող ֆինանսական և տնտեսական, ինչպես նաև ռեսուրսի պահպանության առաջնահերթությունների, ստորերկրյա ջրերի ռացիոնալ օգտագործման և ոլորտի զարգացման միջև տրամաբանական հավասարակշռությունն ապահովող հարցերի շուրջ: