Պիլոտային ծրագրեր

ԳԱՏՕ ծրագիրն իրականացնում է ջրի և էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագրեր Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարաններում և ջրօգտագործման այլ ոլորտներում: Ծրագրերի նպատակն է արդյունավետ կառավարել Արարատյան դաշտի բնական պաշարները և կրճատել ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալները: Ծրագիրը միևնույն ժամանակ կխթանի ջրօգտագործողների կողմից էներգիայի արդյունավետ օգտագործումը և մաքուր էներգիայի ստացման տեխնոլոգիաների զարգացումը:

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը կտեղադրի արևային համակարգ Հովտաշատ գյուղի հարևանությամբ գտնվող ձկնաբուծական տնտեսությունում։ ԳԱՏՕ ծրագիրը ձկնաբուծարանի հետ համատեղ կտեղադրի 30 կՎտ հզորությամբ ֆոտովոլտայիկ համակարգ՝ հոսանքի ծախսը կրճատելու համար։

2019 թվականին ձկնաբուծարանի սեփականատեր Արտյոմ Թորոսյանը՝ ԳԱՏՕ ծրագրի մասնագետների աջակցությամբ, ներդրել է ջրի շրջանառու համակարգ՝ կրկնօրինակելով Ակվակուլտուրայի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնում ԳԱՏՕ ծրագրի կողմից պիլոտային եղանակով կիրառված տեխնոլոգիաները։ Արտյոմ Թորոսյանի ձկնաբուծարանում ջրի թթվածնով հագեցման համար օգտագործվում են աերոլիֆտ պոմպեր, իսկ տղմահեռացման համար՝ պասիվ նստեցման համակարգեր։    

Ջրի շրջանառու համակարգում կիրառվող տեխնոլոգիաները, սակայն, ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառում և ավելացնում են արտադրական ծախսերը։ Արևային էներգիայի օգտագործումն էկոլոգիապես մաքուր այլընտրանքային միջոց է աերատորների և ռեցիրկուլյացիոն պոմպերի լրացուցիչ հոսանքի ծախսը փոխհատուցելու համար։

Տնտեսությունը, սպառելով ընդամենը 40 լիտր վայրկյան ջուր, տարեկան արտադրում է շուրջ 90 տոննա ձուկ։ Մեկ լիտր վայրկյան ջրով 2.25 տոննա ձկան արտադրողականությունը 2,8 անգամով ավելի շատ է, քան ընդունված ստանդարտը՝ 800 կգ։ Նոր ծրագրի շնորհիվ ձկնաբուծարանը տարեկան կխնայի շուրջ 46 մՎտ/ժ էլեկտրաէներգիա, մինչդեռ ձկնաբուծարանի ընդհանուր էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է տարեկան շուրջ 350 մՎտ/ժ։     

ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԵԶՅԱՆ ՀՈՐԻ ՓԱԿՈՒՄ

Գրիբոյեդով համայնքում ԳԱՏՕ ծրագիրն իրականացնում է երկու ծրագիր։ Ստորև նկարագրված ոռոգման բարելավման ծրագրից բացի ԳԱՏՕ-ն կլուծարի համայնքին պատկանող ներկայում չշահագործվող արտեզյան հորերից մեկը։ Ինքնաշատրվանող այս հորի ընդհանուր ջրատվությունը կազմում է շուրջ 15 լիտր վայրկյան: Հորից ելնող ջուրն ամբողջությամբ հոսում է դեպի մոտակա դրենաժային ջրանցք։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել հետևյալ աշխատանքները․

  • Տարածքի նախապատրաստում. հորի շրջակա տարածքի մաքրում, հարթեցում, տոփանում՝ ծանր սարքավորումների մուտքն ապահովելու համար։   
  • Հնարավոր խամքարերից հորի խողովակի մաքրում։ Հակառակ դեպքում առաջացած անցքերի պատճառով կնվազի լուծարման արդյունավետությունը։   
  • Փակում․ հորը կլցվի կրաքարով ու մաքուր ցեմենտով։ Հոսքը դադարեցնելուց և դիտարկումների արդյունքում հորի պատյանի արտաքին կողմից հոսքի առկայությունը բացառելուց հետո հորի վերևից կարվի մոնոլիտ բետոնի լիցք։     

Արտեզյան հորերի մշտական փակման (լուծարման) այս մեթոդն արդեն հաջողությամբ կիրառվել է ԳԱՏՕ ծրագրի կողմից Սիփանիկ գյուղի արտեզյան հորի լուծարման ժամանակ։

ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ

Ծրագրի արդյունքում կբարելավվի 70 հա համայնքային վարելահողերի ոռոգման արդյունավետությունը, որոնք ներկայումս գտնվում են Էջմիածնի ՋՕԸ-ի սպասարկման տարածքում։ Ծրագրով նախատեսված են հետևյալ միջոցառումները՝

  • Հողային առուների փոխարինում բետոնածածկ կամ քարե առուներով,
  • Կորուստների կրճատման արդյունքում կավելանա հոսքի արագությունը և ջրի հասանելիությունը ցանցի ստորին հատվածում գտնվող ջրօգտագործողների համար,
  • Ջրթողների կառուցում՝ ջրի բաշխման և ցանցի կառավարման նպատակով։

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի՝

  • Խնայել տարեկան մոտ 4400 մ3 ջուր,
  • Ոռոգելի դարձնել մոտ 6 հեկտար հողատարածք և կանխել հողի հետագա դեգրադացիան,
  • 12 շահառու կօգտվի ավելի արդյունավետ ոռոգման ծառայությունից։
ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ոռոգման համակարգի բարելավման ծրագիրն ուղղված է ոռոգման արդյունավետության բարձրացմանը և համայնքի ոռոգելի հողատարածքների ավելացմանը։ Ծրագրի շնորհիվ 30 հեկտար հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, և ավելի քան 150 հողօգտագործողներ կօգտվեն ծրագրի արդյունքներից։

Ոռոգման ցանցի տեխնիկական արդիականացման շնորհիվ հնարավոր կլինի տարեկան խնայել 228,000 մ3 ջուր և 59,280 կՎտժ էլեկտրաէներգիա։

Ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները մասնավորապես ներառում են.

  • 600 մ երկարությամբ պոլիէթիլենային խողովակաշարի կառուցում` պոմպից ոռոգման ջուրը կարճ ճանապարհով անմիջապես դաշտերը մղելու համար.
  • մետաղական փականային արկղի (խցիկի) տեղադրում` կարգավորիչ փականները պաշտպանելու համար: Պոմպի կառավարման նոր վահանակի տեղադրում` փափուկ մեկնարկիչով (ստարտեր) և գերլարումից պաշտպանությամբ.
  • գոյություն ունեցող հողային ջրանցքի վրայով անցումի կառուցում պողպատյա խողովակով.
  • ոռոգման բաշխիչ ցանցի և երկու ջրթողների կառուցում:

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ 

Ծրագրի նպատակն է ընդլայնել ԳԱՏՕ ծրագրի կողմից 2019 թվականին արտեզյան հորի օպտիմիզացման ծրագրի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգը՝ այսպիսով ոռոգելի դարձնելով ևս 20 հա հողատարածք և եկամտի հնարավորություն ստեղծելով 30 ֆերմերների համար։

2019 թվականին ԳԱՏՕ ծրագիրը օպտիմիզացրեց արտեզյան հորի ջրօգտագործումը՝ տեղադրելով փականային հանգույց և կառուցելով ոռոգման նոր համակարգ։ Նոր ծրագրով կտեղադրվի 600 մ․ նոր խողովակաշար և երկու ջրթող 20 հա հողատարածքի համար։

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ 

ԳԱՏՕ ծրագիրն իրականացնում է ջրամատակարարման բարելավման ծրագիր Արմավիրի մարզի ամենախոշոր համայնքներից մեկում՝ Սարդարապատ գյուղում։ Ծրագրի արդյունքում մասնավորապես իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝

  • վերանախագծել ցանցը` ճնշումն արդյունավետ կառավարելու համար, ցանցում տեղադրել ջրի նոր ՊԷ խողովակներ` սույն Համաձայնագրին կից Ծրագրի հայեցակարգում նշված տեխնիկական բնութագրերի համաձայն,
  • ցանցի սնման աղբյուր հանդիսացող հորի ջրասույզ պոմպը վերազինել արդյունավետ կառավարման վահանակներով և հաճախականության փոխակերպիչով,
  • կառուցել պոմպակայանի պարագծային պաշտպանություն և տեղադրել քլորացման սարքավորում,
  • տեղադրել վերամշակված պլաստմասսայից պատրաստված տեղական արտադրության ջրաչափական արկղներ,
  • իրականացնել հանրային իրազեկում և ուսուցում` կոշտ թափոնների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով,
  • ցանցի բոլոր խողովակագծերը փոխարինել ստանդարտ 20 մմ ՊԷ խողովակներով,
  • տեղադրել ներտնային ջրաչափներ և անցնել ջրի հաշվառման և վճարման համակարգին,
  • տեղադրել ջրի հաշվառման և վճարման ծրագրային ապահովումը, տեղական անձնակազմին վերապատրաստել այն օգտագործելու համար:

Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում։

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԽԱՉՓԱՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի նպատակն էր բարելավել Խաչփար համայնքի ոռոգման արդյունավետությունը, որի համար իրականացվեցին հետևյալ աշխատանքները․

  • Գոյություն ունեցող հողային ջրանցքի փոխարինում պոլիէթիլենային խողովակաշարով
  • Ջրընդունիչ, ջրթող հանգույցների և առնչվող ենթակառուցվածքների կառուցում՝ խողովակների մեջ կոշտ թափոնների ներթափանցումը կանխելու և ջրի հոսքը կառավարելու նպատակով։
  • Գյուղի ներքին ցանցի ջրանցքների վերանորոգում, ջրանցքների թողունակության մեծացում՝ 250 լ/վ և ավելի ջրաքանակ փոխադրելու համար

Ծրագիրն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի հետ համատեղ։

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրն իրականացվում էր ԳԱՏՕ ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի  և Արտաշատ ՋՕԸ-ի համատեղ ջանքերով։ ԳԱՏՕ ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Արմենիա հիմնադրամ» կազմակերպության միջև 2019թ․ հունիսի 18-ին կնքված համագործակցության համաձայնագրով ազդարարվեց Փոքր Վեդր համայնքի ոռոգման ծրագրի մեկնարկը։ Ծրագրի իրականացման նպատակով ԳԱՏՕ-ն և ՀՀՀ-ն յուրաքանչյուրը տրամադրեցին ավելի քան 15 մլն․ ՀՀ դրամ։

Ոռոգման բարելավման նպատակով իրականացվեցին հետևյալ աշխատանքները․

  • փոխարինվեց պոմպից մինչև հողային ջրանցք տանող մետաղական խողովակաշարը
  • վերանորոգվեց գոյություն ունեցող պոմպի թաթավոր անիվը,
  • փոխարինվեց գոյություն ունեցող հողային ջրանցքը պոլիէթիլենային խողովակաշարով։

Տվյալ ծրագիրը թույլ տվեց բարելավել ընդհանուր համակարգի արդյունավետությունը և ոռոգելի դարձնել մոտ 160 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք՝ ի շահ համայնքի 400 ֆերմերների։

There is no gallery selected or the gallery was deleted.

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՐՏԵԶՅԱՆ ՀՈՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ

Ծրագրի նպատակն էր բարձրացնել Հովտաշատ գյուղում ոռոգման նպատակով շահագործվող արտեզյան հորից ջրօգտագործման արդյունավետությունը։ Հորի ջրատվությունը կազմում է 82 լ/վ, հորի խողովակի տրամագիծը՝ 300 մմ։ Ոռոգման սեզոնին հորի ջրով ոռոգվում են մոտակա դաշտերը (շուրջ 50-60 հա)։ Ծրագրով նախատեսված էին հետևյալ գործողությունները․

  • տարածքի նախապատրաստում՝ տարածքի մաքրում եղեգներից և կոպիճներից, ժամանակավոր ինքնահոս դրենաժային համակարգի տեղադրում,
  • գոյություն ունեցող ջրընդունիչի վերանորոգում,
  • փականային հանգույցի և ոռոգման ցանցի կառուցում,
  • բուստերային պոմպի և վերջինիս շահագործման համար անհրաժեշտ շարժական դիզելային գեներատորի տեղադրում։

 Ծրագրի ազդեցությունը

  • ստորերկրյա ջրի զուտ տարեկան խնայողություն՝ 1,474,000 մ3,
  • նախքան ծրագիրն անմշակ մնացած շուրջ 60 հա հողատարածքի ոռոգում,
  • եկամուտ ստանալու հնարավորություն 57 հողագործների համար։

ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվեց ոռոգման նոր համակարգ Վեդի քաղաքի համայնքային զբոսայգու և մարզադաշտի համար։ Նոր համակարգն ունի տարբերակված պոմպային համակարգ ցածրադիր և բարձրադիր գոտիների համար, 30մ3 տարողությամբ նոր ջրամբար և ջրի նոր խողովակներ։ Գոյություն ունեցող ոռոգման համակարգն ամբողջովին վերանորոգվեց՝ ջրի կորուստների կրճատման և ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով։

Բացի այդ, մարզադաշտի հարևանությամբ գտնվող մարզադպրոցի տանիքին կտեղադրվի 19 կՎտ-անոց արեգակնային էլեկտրակայան, որը կկրճատի համայնքի պոմպամղման ծախսը։ Արևային էներգիան կարող է օգտագործվել նաև ձմեռվա սեզոնին դպրոցի ջեռուցման և ամառվա սեզոնին պոմպերի էլեկտրասնուցման համար։

Առաջարկվող բարելավման աշխատանքները նպաստեցին ջրի, էներգիայի զգալի խնայողությանը և համայնքային ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացմանը։

Ծրագրի ազդեցությունը

  • ստորերկրյա ջրի տարեկան խնայողություն՝ 27,374 մ3,
  • էլեկտրաէներգիայի խնայողություն՝ 13,193 կՎժ՝ ներկա ծախսի համեմատությամբ,
  • տարեկան մաքուր էներգիայի արտադրանք՝ շուրջ 33,288 կՎժ,
  • համայնքային զբոսայգու տարածքի պահպանում՝ 3․5 հա։

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ծրագրի նպատակն էր վերականգնել Առատաշեն համայնքի ջրամատակարարման ցանցը և համայնքում ապահովել հուսալի որակյալ շուրջօրյա ջրամատակարարում։

Ծրագրի շրջանակներում իրականացվեցին հետևյալ աշխատանքները.

  • Ցանցի վերանախագծում և վերակառուցում՝ օգտագործելով բարձրորակ պոլիէթիլենային խողովակներ
  • Նոր ջրասույզ պոմպի և  կառավարման վահանակների տեղադրում
  • Նոր քլորակայանի նախագծում
  • Բաժանորդների ներտնտեսային խողովակագծերի փոխարինում և ջրաչափերի տեղադրում:

Առաջարկվող լուծումները թույլ տվեցին համայնքում նախկին 5 ժամվա փոխարեն ապահովել շուրջօրյա ջրամատակարարում, բարելավել խմելու ջրի որակը և կրճատել հոսքակորուստները: Ծրագրի իրականացման շնորհիվ տարեկան խնայվում է մոտ 557000 մ3 ջուր և 204 ՄՎտժ հոսանք։

Fact_Sheet-Aratashen_arm

Success story Aratashen-arm

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ծրագրի նպատակն էր վերականգնել Առատաշեն համայնքի ջրամատակարարման ցանցը և համայնքում ապահովել հուսալի որակյալ շուրջօրյա ջրամատակարարում։ Ծրագրով իրականացվեցին ենթակառուցվածքների վերականգնման հետևյալ աշխատանքները.

  • Ցանցի վերանախագծում և վերակառուցում՝ օգտագործելով բարձրորակ պոլիէթիլենային խողովակներ
  • Նոր ջրասույզ պոմպի և  կառավարման վահանակների տեղադրում
  • Նոր քլորակայանի նախագծում
  • Բաժանորդների ներտնտեսային խողովակագծերի փոխարինում և ջրաչափերի տեղադրում:

Առաջարկվող լուծումները թույլ տվեցին համայնքում ապահովել 3 ժամվա փոխարեն շուրջօրյա ջրամատակարարում, բարելավել խմելու ջրի որակը և կրճատել ցանցի խափանումները:

ՍԻՓԱՆԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԵԶՅԱՆ ՀՈՐԻ ՕՊՏԻՄԻԶԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Արտեզյան հորերի օպտիմիզացումը բարձրացնում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման արդյունավետությունը: Ծրագրի նպատակն էր օգտագործել Սիփանիկ համայնքի տարածքում գտնվող 210 մ. խորությամբ և 30 լ /վ. ջրատվությամբ ինքնաբուխ արտեզյան հորը ոռոգման նպատակով: Ծրագրով իրականացվել են հետևյալ քայլերը.

  • շինարարական աշխատանքների համար նախապատրաստվել է տեղանքը ,
  • վերանորոգվել է հորը, այն է՝ մաքրվել և վերացվել է արտախողովակային հոսքը, ինչը թույլ է տվել բերել հորը փականային ռեժիմի
  • հորի հարևանությամբ սարքվել բաշխիչ (փականային) հանգույց՝ հորի ջուրը ոռոգվող հողատարածքների միջև արդյունավետորեն բաշխելու համար և տեղարդվել է նոր պոմպ
  • համակարգը հնարավորություն է տալիս որոգել 20 հեկտար հողատարածք

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ, ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

ԳԱՏՕ ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարությանը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարման արդյունավետության բարձրացման գործում` տարածաշրջանում գործող ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառա­վարման կենտրոնացված, առցանց համակարգի ներդրման միջոցով:

2016 թ. հուլիսի 20-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում  «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության հետ համատեղ իրականացվող այս պիլոտային ծրագրի արդյունքում ձկնաբուծական տնտեսությունների 19 ջրառի կետերում  տեղադրվցին հոսքաչափեր և տվյալներ գրանցող սարքավորումներ: Ստորերկրյա ջրերի հոսքի տվյալները իրական ժամանակային ռեժիմով փոխանցվելու են Բնապահպանության նախարարության հեռակա սերվերին և օգտատերերի համար հասանելի են լինելու առցանց՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կայքից: Տվյալները թարմացվելու են 5 րոպե հաճախականությամբ և պահպանվելու են մինչև 5 տարի ժամկետով:

Պիլոտային փուլում ծրագրի մեջ ընդգրկված էին Արարատյան դաշտի 4 խոշոր ձկնաբուծական տնտեսություններ՝ «Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Մաքս Ֆիշ», «Յունիֆիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: Համակարգի բարեհաջող գործարկումից հետո Կառավարությունը նախատեսում է տեղադրել այն Արարատյան դաշտի մյուս ձկնաբուծարաններում:

Ավտոմատ կառա­վարման կենտրոնացված, առցանց համակարգի ներդրումը հնարավորություն կտա բարելավել Արարատյան դաշտի ստորերկրյա  ջրերի օգտագործման մոնիտորինգը, մասնավորապես՝ հսկողությունը ջրային թույլտվությունների համապատասխանության նկատմամբ: Բացի այդ, հուսալի տվյալների համակարգի և վերլուծական գործիքների առկայությունը հիմք կհանդիսանա Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վերաբերյալ ավելի իրազեկված և հիմնավորված որոշումների կայացման համար:

ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՋՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ  ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ԳՅՈՒՂԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ծրագիրն իրականացվում էր ԳԱՏՕ ծրագրի, ԱՄՆ ՄԶԳ-ի «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի (իրականացնող Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն — ՓՄՁ ԶԱԿ), Հայ Օգնության Ֆոնդի և Սայաթ-Նովա համայնքի համատեղ ուժերով:  Ծրագրի նպատակն էր կազմակերպել համայնքին պատկանող 60 հա հողատարածքների ոռոգումը Մասիս-Ձուկ ձկնաբուծարանի հետադարձ ջրերով: Ծրագիրը ներառում էր հետևյալ աշխատանքները՝

  • ձկնաբուծարանի տարածքում պոմպակայանի կառուցում (իր օժանդակ ենթակառուցվածքներով), որի միջոցով ձկնաբուծարանի հետադարձ ջրերը մղվում են համայնքի հարակից դաշտերը՝ ոռոգման համար,
  • Նոր ջրագծի կառուցում պոմպակայանից մինչև հին ոռոգման համակարգի վերին հատվածը, որտեղից ջուրը բաշխվում է գոյություն ունեցող առուներով՝ ինքնահոս եղանակով
  • Հին առուների վերականգնում՝ ջրի կորուստները կրճատելու և համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Ծրագրի արդյունքում գործընկերների համատեղ ներդրումներով կառուցված համակարգը հանդիսանում է համայնքի սեփականությունը, որը պարտավորվում է ապահովել դրա անխափան աշխատանքը ծրագրով նախատեսված նպատակներով:

Ծրագրի անմիջական արդյունքներն են.

  • Համայնքի բնակիչները թիվը՝ 2400 մարդ,
  • Ծրագրի ուղղակի շահառուների թիվը՝  98 տնային տնտեսություն,
  • Ստորերկրյա ջրային հորիզոնից լրացուցիչ ջուր չի օգտագործվելու,
  • Ռազմավարական կարևորություն ունեցող ստորերկրյա ջրերի խնայողություն՝ տարեկան 1,920,000 մ3 ջուր,
  • Հողերի դեգրադացիայի կանխում՝ առնվազն 60 հա:

Success story Sayat-Nova_arm

ԱԿՎԱԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՒՐ

Ակվակուլտուրայի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնը փորձարարական բազա է ժամանակակից, տարբեր ակվակուլտուրայի տեխնոլոգիաները, մեթոդները փոքր մասշտաբներով փորձարկելու, արդյունավետությունը ստուգելու և ցուցադրելու համար: Ծրագիրն իրականացվում է «ԱՐՄԱՎԻՐԻ ՖԵՐՄԵՐ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Վերջինս մասնավոր ձկնաբուծական տնտեսություն է, որ գտնվում է Արմավիրի մարզում՝ Մեծամոր քաղաքի հարևանությամբ: Հաջողության դեպքում այդ տեխնոլոգիաները և լավագույն փորձը կկիրառվեն նաև այլ ձկնաբուծական տնտեսություններում՝ ծախսերը կրճատելու և առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու նպատակով:

Կենտրոնում կարող են փորձարկվել և ցուցադրվել հետևյալ տեխնոլոգիաները, մեթոդները, գործիքները.

  1. Ռեցիրկուլյացիա: Ձկնաբուծարանի ելքային ջրերի ռեցիրկուլյացիայի արդյունքում կապահովվի ընդհանուր ջրամատակարարման շուրջ 70%-ը, իսկ հորատանցքից՝ միայն 30%-ը:
  2. Պասիվ նստեցում: Օրգանական ծագում ունեցող կոշտ մասնիկները (ձկան արտաթորանքը), առանց էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսի, ելքային ջրերից հեռացնելու համար կկիրառվի պասիվ նստեցման մեթոդը: Նստած տիղմը դուրս կգա դրենաժային խողովակների ու փականային պարզ համակարգի օգնությամբ:
  3. Աերոլիֆտինգ՝ աէրացիա + պոմպամղում: Ջուրը թթվածնով հագեցնելու և համակարգի հերթական հատվածը մղելու համար կօգտագործվեն աերոլիֆտ պոմպեր:
  4. Բիոֆիլտրում: Ձկան արտաթորած ամոնիակները (NH4+ NH3) նիտրատի փոխակերպելու համար ելքային ջրերը կանցնեն բիոֆիլտրներով (մանրէական կենսամիջավայր, որտեղ ամոնիակներն օգտագործվում են էներգիայի համար, և դրանից արտադրվում են նիտրատներ):
  5. Ֆիտոֆիլտրում: Այս տեխնոլոգիան կկիրառվի ջրային հիացինտների լճակում և ակվապոնիկ ջերմոցում, որտեղ առկա են ավազի ֆիլտրներ (բույսերի աճեցման համար միջավայր) և ֆիտոֆիլտրներ (դաշտում մշակվող բույսեր): Բացի նրանից, որ լճակում ու ջերմոցում աճում են օգտակար մշակաբույսեր, դրանք նաև իրենցից ներկայացնում են համապարփակ ֆիլտրման համակարգ, որտեղ ջուրը մաքրվում է նիտրատներից, ֆոսֆատներից, օրգանական ծագում ունեցող կախված (չնստած) մասնիկներից:
  6. Ելքային ջրերի օգտագործում խեցգետնի աճեցման համար: Որպեսզի կրկնակի օգտագործվող ջրում աղերի, հանքանյութերի չափազանց մեծ կոնցենտրացիա չլինի, համակարգում եղած ջրին պետք է մշտապես ավելացվի որոշակի քանակությամբ թարմ ջուր (շուրջ 30%): Դրա հետևանքով, բնականաբար, համակարգից համապատասխան քանակությամբ (չհաշված գոլորշիացումը և այլ կորուստները) ջրի արտահոսք կլինի: Նախքան վերջնականապես համակարգից դուրս գալը՝ գերլցված ջուրը կարող է օգտագործվել խեցգետնի աճեցման նպատակով՝ հաշվի առնելով, որ խեցգետինը ջրի որակային հատկանիշների նկատմամբ այդքան զգայուն չէ, որքան ջրի ջերմաստիճանի (կարմիր գույնի խեցգետին աճեցնելու համար ջրի օպտիմալ ջերմաստիճանը 27°C է):
  7. Կեղտաջրերի կենսաբանական մաքրում: Խեցգետնի լճակների միջով անցած ջուրը այլևս պիտանի չի լինի որևէ այլ տեսակի ակվակուլտուրայի աճեցման համար: Այնուամենայնիվ, նախքան շրջակա միջավայր (ավելի կոնկրետ՝ դրենաժային ջրանցք) արտանետելը՝ այն կենսաբանական մաքրում կանցնի եղեգնուտում (ճահճուտ)՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Միևնույն ժամանակ, կանաչ եղեգը որպես հումք կօգտագործվի կենսագազային համակարգերի համար:
  8. Անաէրոբ կենսաբանական վերամշակում: Ձկնաբուծարանի, ջերմոցի, ջրային հիացինտների լճակի, եղեգնուտի թափոնները կարող են օգտագործվել կենսագազի արտադրման նպատակով: Ստացված կենսագազը կօգտագործվի էլեկտրաէներգիայի արտադրման և խեցգետնի լճակներում ջրի տաքացման համար:
  9. Ֆոտովոլտաիկ սարքեր: Ռեցիրկուլյացիոն համակարգի էլեկտրաէներգիայի պահանջը բավարարելու նպատակով, որպես վերականգնվող էներգիայի լրացուցիչ աղբյուր, կարող է օգտագործվել 15 կվտ ֆոտովոլտաիկ սարքը:

ATTC

ՍԻՓԱՆԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՐՏԵԶՅԱՆ ՀՈՐԻ ՓԱԿՈՒՄ

ԳԱՏՕ ծրագրի շրջանակում մեկնարկել էր Արարատի մարզի Սիփանիկ գյուղի հարևանությամբ գտնվող թիվ 1/403 արտեզյան հորի փակման ծրագիրը: Ըստ գնահատումների՝ հորի ջրատվությունը կազմում էր 35-40 լ/վ: Հորի պատյանը և խողովակի վերին հատվածը վնասված էին: Շատրվանող հորից արտահոսող ջրի մի մասը թափվում էր դրենաժային ջրանցք, իսկ մնացածը հեղեղում էր հարևան դաշտերն ու անանցանելի դարձնում գերեզմանոց տանող ճանապարհը:

Հորի փակումը նախատեսված էր չորս հիմնական փուլերով՝ 1)  հորի պատյանի վիճակի գնահատում, 2) շինհրապարակի նախապատրաստում՝ երաշխավորելով հորի տարածք ծանր մեքենաների մուտք գործելու հնարավորությունը, 3) հորի խողովակի մաքրում քարերից, բեկորներից, որոնց առկայության դեպքում լիցքը լիովին արդյունավետ չի լինի, 4) հորի փակում բենտոնիտի ու ցեմենտի շաղախի խառնուրդով: Հոսքը կանգնելուց և մոնիտորինգի արդյունքում հորի պատյանից ջրի արտահոսք չհայտնաբերելուց հետո հորի վերին հատվածը (3-4 մ) զմրսվեց մոնոլիտ բետոնով:

Հորի փակման վերոնշյալ մեթոդը լայնորեն կիրառվում է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հիմնվելով հորի ջրատվության տվյալների վրա՝ հորի փակման արդյունքում խնայվում է տարեկան 1.1 մլն. խ.մ արտեզյան ջուր։

Success story Sipanik_arm

« of 2 »

ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի արդյունքներն էին՝

  • Շահառուների թիվը՝ 370 մարդ, 120 տնային տնտեսություն
  • Ստորերկրյա ջրային հորիզոնից լրացուցիչ ջուր չի օգտագործվելու
  • Ռազմավարական կարևորություն ունեցող ստորերկրյա ջրերի խնայողություն՝ տարեկան 1,100,000 մ3 ջուր
  • Հոսանքի խնայողություն՝ տարեկան 24,000 կՎտժ
  • Հողերի դեգրադացիա՝ առնվազն 40 հա

Hayanist food safety testing-arm