Պիլոտային ծրագրեր

ԳԱՏՕ ծրագիրն իրականացնում է ջրի և էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագրեր Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարաններում և ջրօգտագործման այլ ոլորտներում: Ծրագրերի նպատակն է արդյունավետ կառավարել Արարատյան դաշտի բնական պաշարները և կրճատել ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալները: Ծրագիրը միևնույն ժամանակ կխթանի ջրօգտագործողների կողմից էներգիայի արդյունավետ օգտագործումը և մաքուր էներգիայի ստացման տեխնոլոգիաների զարգացումը:

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ծրագիրն իրականացվում է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսվում են ենթակառուցվածքների վերականգնման հետևյալ աշխատանքները.

  • Ցանցի վերանախագծում և վերակառուցում՝ օգտագործելով բարձրորակ պոլիէթիլենային խողովակներ
  • Նոր ջրասույզ պոմպի և  կառավարման վահանակների տեղադրում
  • Նոր քլորակայանի նախագծում
  • Բաժանորդների ներտնտեսային խողովակագծերի փոխարինում և ջրաչափերի տեղադրում:

Առաջարկվող լուծումները թույլ կտան համայնքում ապահովել 5 ժամվա փոխարեն շուրջօրյա ջրամատակարարում, բարելավել խմելու ջրի որակը և կրճատել ցանցի խափանումները:

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

PԾրագիրն իրականացվում է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսվում են ենթակառուցվածքների վերականգնման հետևյալ աշխատանքները.

  • Ցանցի վերանախագծում և վերակառուցում՝ օգտագործելով բարձրորակ պոլիէթիլենային խողովակներ
  • Նոր ջրասույզ պոմպի և  կառավարման վահանակների տեղադրում
  • Նոր քլորակայանի նախագծում
  • Բաժանորդների ներտնտեսային խողովակագծերի փոխարինում և ջրաչափերի տեղադրում:

Առաջարկվող լուծումները թույլ կտան համայնքում ապահովել 3 ժամվա փոխարեն շուրջօրյա ջրամատակարարում, բարելավել խմելու ջրի որակը և կրճատել ցանցի խափանումները:

 

ՍԻՓԱՆԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԵԶՅԱՆ ՀՈՐԻ ՕՊՏԻՄԻԶԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Արտեզյան հորերի օպտիմիզացումը բարձրացնում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման արդյունավետությունը: Ծրագրի նպատակն է օգտագործել Սիփանիկ համայնքի տարածքում գտնվող 210 մ. խորությամբ և 30 լ /վ. ջրատվությամբ ինքնաբուխ արտեզյան հորը ոռոգման նպատակով: Ծրագրով նախատեսվում են հետևյալ քայլերը.

  • նախապատրաստել տեղանքը շինարարական աշխատանքների համար,
  • վերանորոգել հորը, այն է՝ մաքրել այն եւ վերացնել արտախողովակային հոսքը, ինչը թույլ կտա բերել հորը փականային ռեժիմի
  • հորի հարևանությամբ սարքել բաշխիչ (փականային) հանգույց՝ հորի ջուրը ոռոգվող հողատարածքների միջև արդյունավետորեն բաշխելու համար:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ, ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

ԳԱՏՕ ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարությանը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարման արդյունավետության բարձրացման գործում` տարածաշրջանում գործող ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառա­վարման կենտրոնացված, առցանց համակարգի ներդրման միջոցով:

2016 թ. հուլիսի 20-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում  «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության հետ համատեղ իրականացվող այս պիլոտային ծրագրի արդյունքում ձկնաբուծական տնտեսությունների 20 ջրառի կետերում կտեղադրվեն հոսքաչափեր և տվյալներ գրանցող սարքավորումներ: Ստորերկրյա ջրերի հոսքի տվյալները իրական ժամանակային ռեժիմով փոխանցվելու են Բնապահպանության նախարարության հեռակա սերվերին և օգտատերերի համար հասանելի են լինելու առցանց՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կայքից: Տվյալները թարմացվելու են 5 րոպե հաճախականությամբ և պահպանվելու են մինչև 5 տարի ժամկետով:

Պիլոտային փուլում ծրագրի մեջ ընդգրկված են Արարատյան դաշտի 4 խոշոր ձկնաբուծական տնտեսություններ՝ «Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Մաքս Ֆիշ», «Յունիֆիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: Համակարգի բարեհաջող գործարկումից հետո Կառավարությունը նախատեսում է տեղադրել այն Արարատյան դաշտի մյուս ձկնաբուծարաններում:

Ավտոմատ կառա­վարման կենտրոնացված, առցանց համակարգի ներդրումը հնարավորություն կտա բարելավել Արարատյան դաշտի ստորերկրյա  ջրերի օգտագործման մոնիտորինգը, մասնավորապես՝ հսկողությունը ջրային թույլտվությունների համապատասխանության նկատմամբ: Բացի այդ, հուսալի տվյալների համակարգի և վերլուծական գործիքների առկայությունը հիմք կհանդիսանա Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վերաբերյալ ավելի իրազեկված և հիմնավորված որոշումների կայացման համար:

ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՋՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ  ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ԳՅՈՒՂԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ծրագիրն իրականացվում է ԳԱՏՕ ծրագրի, ԱՄՆ ՄԶԳ-ի «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի (իրականացնող Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն — ՓՄՁ ԶԱԿ), Հայ Օգնության Ֆոնդի և Սայաթ-Նովա համայնքի համատեղ ուժերով:  Ծրագրի նպատակն է կազմակերպել համայնքին պատկանող 60 հա հողատարածքների ոռոգումը Մասիս-Ձուկ ձկնաբուծարանի հետադարձ ջրերով: Ծրագիրը ներառում է հետևյալ աշխատանքները՝

  • ձկնաբուծարանի տարածքում կառուցված պոմպակայան (իր օժանդակ ենթակառուցվածքներով), որի միջոցով ձկնաբուծարանի հետադարձ ջրերը մղվում են համայնքի հարակից դաշտերը՝ ոռոգման համար,
  • Նոր ջրագծի կառուցում պոմպակայանից մինչև հին ոռոգման համակարգի վերին հատվածը, որտեղից ջուրը կբաշխվի գոյություն ունեցող առուներով՝ ինքնահոս եղանակով
  • Հին առուների վերականգնում՝ ջրի կորուստները կրճատելու և համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

Ծրագրի արդյունքում գործընկերների համատեղ ներդրումներով կառուցված համակարգը հանդիսանալու է համայնքի սեփականությունը, որը պարտավորվում է ապահովել դրա անխափան աշխատանքը ծրագրով նախատեսված նպատակներով:

Ծրագրի անմիջական արդյունքներն են.

  • Համայնքի բնակիչները թիվը՝ 2400 մարդ,
  • Ծրագրի ուղղակի շահառուների թիվը՝  98 տնային տնտեսություն,
  • Ստորերկրյա ջրային հորիզոնից լրացուցիչ ջուր չի օգտագործվելու,
  • Ռազմավարական կարևորություն ունեցող ստորերկրյա ջրերի խնայողություն՝ տարեկան 1,920,000 մ3 ջուր,
  • Հողերի դեգրադացիայի կանխում՝ առնվազն 60 հա:

 

ԱԿՎԱԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՒՐ

Ակվակուլտուրայի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնը փորձարարական բազա է ժամանակակից, տարբեր ակվակուլտուրայի տեխնոլոգիաները, մեթոդները փոքր մասշտաբներով փորձարկելու, արդյունավետությունը ստուգելու և ցուցադրելու համար: Ծրագիրն իրականացվում է «ԱՐՄԱՎԻՐԻ ՖԵՐՄԵՐ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Վերջինս մասնավոր ձկնաբուծական տնտեսություն է, որ գտնվում է Արմավիրի մարզում՝ Մեծամոր քաղաքի հարևանությամբ: Հաջողության դեպքում այդ տեխնոլոգիաները և լավագույն փորձը կկիրառվեն նաև այլ ձկնաբուծական տնտեսություններում՝ ծախսերը կրճատելու և առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու նպատակով:

Կենտրոնում կարող են փորձարկվել և ցուցադրվել հետևյալ տեխնոլոգիաները, մեթոդները, գործիքները.

  1. Ռեցիրկուլյացիա: Ձկնաբուծարանի ելքային ջրերի ռեցիրկուլյացիայի արդյունքում կապահովվի ընդհանուր ջրամատակարարման շուրջ 70%-ը, իսկ հորատանցքից՝ միայն 30%-ը:
  2. Պասիվ նստեցում: Օրգանական ծագում ունեցող կոշտ մասնիկները (ձկան արտաթորանքը), առանց էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսի, ելքային ջրերից հեռացնելու համար կկիրառվի պասիվ նստեցման մեթոդը: Նստած տիղմը դուրս կգա դրենաժային խողովակների ու փականային պարզ համակարգի օգնությամբ:
  3. Աերոլիֆտինգ՝ աէրացիա + պոմպամղում: Ջուրը թթվածնով հագեցնելու և համակարգի հերթական հատվածը մղելու համար կօգտագործվեն աերոլիֆտ պոմպեր:
  4. Բիոֆիլտրում: Ձկան արտաթորած ամոնիակները (NH4+ NH3) նիտրատի փոխակերպելու համար ելքային ջրերը կանցնեն բիոֆիլտրներով (մանրէական կենսամիջավայր, որտեղ ամոնիակներն օգտագործվում են էներգիայի համար, և դրանից արտադրվում են նիտրատներ):
  5. Ֆիտոֆիլտրում: Այս տեխնոլոգիան կկիրառվի ջրային հիացինտների լճակում և ակվապոնիկ ջերմոցում, որտեղ առկա են ավազի ֆիլտրներ (բույսերի աճեցման համար միջավայր) և ֆիտոֆիլտրներ (դաշտում մշակվող բույսեր): Բացի նրանից, որ լճակում ու ջերմոցում աճում են օգտակար մշակաբույսեր, դրանք նաև իրենցից ներկայացնում են համապարփակ ֆիլտրման համակարգ, որտեղ ջուրը մաքրվում է նիտրատներից, ֆոսֆատներից, օրգանական ծագում ունեցող կախված (չնստած) մասնիկներից:
  6. Ելքային ջրերի օգտագործում խեցգետնի աճեցման համար: Որպեսզի կրկնակի օգտագործվող ջրում աղերի, հանքանյութերի չափազանց մեծ կոնցենտրացիա չլինի, համակարգում եղած ջրին պետք է մշտապես ավելացվի որոշակի քանակությամբ թարմ ջուր (շուրջ 30%): Դրա հետևանքով, բնականաբար, համակարգից համապատասխան քանակությամբ (չհաշված գոլորշիացումը և այլ կորուստները) ջրի արտահոսք կլինի: Նախքան վերջնականապես համակարգից դուրս գալը՝ գերլցված ջուրը կարող է օգտագործվել խեցգետնի աճեցման նպատակով՝ հաշվի առնելով, որ խեցգետինը ջրի որակային հատկանիշների նկատմամբ այդքան զգայուն չէ, որքան ջրի ջերմաստիճանի (կարմիր գույնի խեցգետին աճեցնելու համար ջրի օպտիմալ ջերմաստիճանը 27°C է):
  7. Կեղտաջրերի կենսաբանական մաքրում: Խեցգետնի լճակների միջով անցած ջուրը այլևս պիտանի չի լինի որևէ այլ տեսակի ակվակուլտուրայի աճեցման համար: Այնուամենայնիվ, նախքան շրջակա միջավայր (ավելի կոնկրետ՝ դրենաժային ջրանցք) արտանետելը՝ այն կենսաբանական մաքրում կանցնի եղեգնուտում (ճահճուտ)՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Միևնույն ժամանակ, կանաչ եղեգը որպես հումք կօգտագործվի կենսագազային համակարգերի համար:
  8. Անաէրոբ կենսաբանական վերամշակում: Ձկնաբուծարանի, ջերմոցի, ջրային հիացինտների լճակի, եղեգնուտի թափոնները կարող են օգտագործվել կենսագազի արտադրման նպատակով: Ստացված կենսագազը կօգտագործվի էլեկտրաէներգիայի արտադրման և խեցգետնի լճակներում ջրի տաքացման համար:
  9. Ֆոտովոլտաիկ սարքեր: Ռեցիրկուլյացիոն համակարգի էլեկտրաէներգիայի պահանջը բավարարելու նպատակով, որպես վերականգնվող էներգիայի լրացուցիչ աղբյուր, կարող է օգտագործվել 15 կվտ ֆոտովոլտաիկ սարքը:

 

ՍԻՓԱՆԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՐՏԵԶՅԱՆ ՀՈՐԻ ՓԱԿՈՒՄ

ԳԱՏՕ ծրագրի շրջանակում մեկնարկել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղի հարևանությամբ գտնվող թիվ 1/403 արտեզյան հորի փակման ծրագիրը: Ըստ գնահատումների՝ հորի ջրատվությունը կազմում է 35-40 լ/վ: Հորի պատյանը և խողովակի վերին հատվածը վնասված են: Շատրվանող հորից արտահոսող ջրի մի մասը թափվում է դրենաժային ջրանցք, իսկ մնացածը հեղեղում է հարևան դաշտերն ու անանցանելի դարձնում գերեզմանոց տանող ճանապարհը:

Հորի փակումը նախատեսված է չորս հիմնական փուլերով՝ 1)  հորի պատյանի վիճակի գնահատում, 2) շինհրապարակի նախապատրաստում՝ երաշխավորելով հորի տարածք ծանր մեքենաների մուտք գործելու հնարավորությունը, 3) հորի խողովակի մաքրում քարերից, բեկորներից, որոնց առկայության դեպքում լիցքը լիովին արդյունավետ չի լինի, 4) հորի փակում բենտոնիտի ու ցեմենտի շաղախի խառնուրդով: Հոսքը կանգնելուց և մոնիտորինգի արդյունքում հորի պատյանից ջրի արտահոսք չհայտնաբերելուց հետո հորի վերին հատվածը (3-4 մ) պետք է լցվի մոնոլիտ բետոնով:

Հորի փակման վերոնշյալ մեթոդը լայնորեն կիրառվում է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հիմնվելով հորի ջրատվության տվյալների վրա՝ հորի փակման արդյունքում տարեկան 1.1 մլն. խ.մ արտեզյան ջուր կխնայվի:

« 1 of 2 »

ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի արդյունքներն են.

  • Շահառուների թիվը՝ 370 մարդ, 120 տնային տնտեսություն
  • Ստորերկրյա ջրային հորիզոնից լրացուցիչ ջուր չի օգտագործվելու
  • Ռազմավարական կարևորություն ունեցող ստորերկրյա ջրերի խնայողություն՝ տարեկան 1,100,000 մ3 ջուր
  • Հոսանքի խնայողություն՝ տարեկան 24,000 կՎտժ
  • Հողերի դեգրադացիա՝ առնվազն 40 հա