ԱԿՎԱԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Արմավիրի Ֆերմեր» ձկնաբուծական տնտեսության տարածքում գտնվող Ակվակուլտուրաների տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնը

ԳԱՏՕ ծրագրի թիմն այսօր անցկացրեց առցանց միջոցառում, որի նպատակն էր ներկայացնել Ակվակուլտուրաների տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի (ԱՏՓԿ) պիլոտային ծրագիրը: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ կառավարության, ձկնաբուծական ոլորտի ներկայացուցիչները և ծրագրի գործընկերները:

ԱՄՆ ՄԶԳ տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Ջեյմս Բորգերն իր ողջույնի խոսքում կարևորեց ջրային ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև գործակցությունը: Նա նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն խրախուսում է նորարարական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառությունը, որը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարներից ջրառի ծավալների նվազեցմանը: 

ԱՏՓԿ-ի կառուցվածքը։
Ոլորտին առչնվող լավագույն միջազային փորձը։

ԱՏՓԿ-ի ծրագիրն իրականացվեց Մեծամոր քաղաքի «Արմավիրի Ֆերմեր» ձկնաբուծական տնտեսության տարածքում: Կենտրոնը փորձարարական բազա է ակվակուլտուրայի տարբեր տեխնոլոգիաների միատեղ փորձարկման և ստուգման համար: Zoom հարթակում անցկացվող առցանց խորհրդակցության ընթացքում ակվակուլտուրայի ոլորտի տեղական փորձագետ Կարեն Աղաբաբյանը մասնակիցներին ներկայացրեց ԱՏՓԿ ծրագրի տեխնիկական լուծումները և մեթոդները: Ակվակուլտուրայի ոլորտի միջազգային փորձագետ Դեյվիդ Ստեֆենը ներկայացրեց ակվակուլտուրայի ոլորտի միջազգային լավագույն փորձը` ելնելով ԱՏՓԿ-ի ծրագրի տրամաբանությունից:      

ԱՏՓԿ-ում օգտագործվել են հետևյալ տեխնոլոգիաները և մեթոդները` ջրի ռեցիրկուլյացիա, պասիվ նստեցում` ջրից կոշտ օրգանական մասնիկների հեռացման համար, աերոլիֆթինգ` ջուրը թթվածնով հագեցնելու համար, բիոֆիլտրում և ֆիտոֆիլտրում: Արտահոսող ջրերում կիրականացվի խեցգետինների բուծում, որից հետո եղեգնուտում (ճահճուտ) կեղտաջրերը կենթարկվեն կենսաբանական մաքրման` նախքան դրենաժային համակարգի մեջ արտանետվելը: Վերջինս կօգնի նվազեցնել շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները: Համակարգի ջրերի մոտ 70%-ը կվերաշրջանառվի, և հորատանցքից կվերցվի միայն 30%-ը: Ծրագրի շնորհիվ կկատարվի տարեկան 2.5 մլն մ3 ջրի և 63 ՄՎտժ-ին հավասարազոր էներգիայի խնայողություն:       

Խեցգետնի աճեցման համար նախատեսված ավազանները։

Հաջողման դեպքում նշված տեխնոլոգիաները և լավագույն փորձը կարող են կրկնօրինակվել այլ ձկնաբուծական տնտեսությունների կողմից։ Անհատ ձեռներեց Արտյոմ Թորոսյանը Մասիսի շրջանում գտնվող իր ձկնաբուծարանում արդեն իսկ կառուցել է ջրի շրջանառու համակարգ: ԱՏՓԿ-ում առաջարկվող լուծումները հարմարեցնելով իր պայմաններին` նա կիրառել է ինչպես աերոլիֆտ պոմպեր, այնպես էլ տղմահեռացման համակարգ: Ձկնաբուծարանն ունի մոտ 80 տոննա ձկան արտադրանք, և ըստ Արտյոմ Թորոսյանի` աերոլիֆտ պոմպերն ապահովում են ձկնարտադրության արդյունավետությունն ու ձկան լավ որակը:     

Ձկնարդյունաբերությունը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործման խոշորագույն ոլորտներից մեկն է, որը կազմում է ընդհանուր ջրօգտագործման շուրջ 50%-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը կարևորեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ԳԱՏՕ ծրագրի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են նորարարական և ջրախնայողական լուծումների միջոցով ձկնաբուծության ոլորտի արդյունավետության բարձրացմանն, ներառյալ՝ ձկնաբուծարաների հետադարձ հոսքերի կրկնակի օգտագործումը ոռոգման նպատակներով։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների` ակվակուլտուրայի ոլորտի տեղական արտադրանքը տատանվում է տարեկան 17,000-18,000 տոննայի սահմաններում և հիմնականում կազմված է իշխան ու թառափ ձկնատեսակներից: Ձկնարտադրանքի մոտ 20-30%-ն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Ուկրաինա և այլ երկրներ: Ակվակուլտուրայի արտադրության մեջ ջրախնայողական տեխնոլոգիաների օգտագործումը կնպաստի ծախսերի կրճատմանը և ձկնաբույծների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը:      

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԻ ՀԻՄՔ

Ձախից աջ՝ ԳԱՏՕ ծրագրի պրակտիկանտներ Նառա Մնացականյանը  և Ինգա Սիրադեղյանը:

2019թ. դեկտեմբերին իրենց աշխատանքային պրակտիկան սկսեցին Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկու մագիստրանտներ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրում։ Պրակտիկայի տաս ամիսների ընթացքում Նառա Մնացականյանն ու Ինգա Սիրադեղյանը հաջողությամբ իրականացրեցին ծրագրի կողմից ներկայացված հստակ առաջադրանքները՝ ի նպաստ ՀՀ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման։  Առաջադրվող խնդիրները բավականին տեխնիկական էին ու խրթին, ուստի դրանք իրականացվում էին ծրագրի անձնակազմի կողմից մշտական խորհրդատվության և հսկողության ներքո:

Մենք զրուցեցինք պրակտիկանտների հետ, որոնք կիսեցին իրենց տպավորությունները պրակտիկայի վերաբերյալ. ի՞նչ սովորեցին, ինչպիսի՞ փորձ ձեռք բերեցին, ինչպիսի՞ գործնական կիրառություն ունեցան համեմատաբար կարճատև աշխատանքային փորձի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը։ 

«Գիտելիքի կիրառումը գործնականում լավ մասնագետ դառնալու գրավականն է հանդիսանում…»

Ինգա Սիրադեղյան

Ինգա Սիրադեղյանը՝ ԳԱՏՕ ծրագրի դասընթացին՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի գործիքակազմի օգտագործումը քարտեզագրնան  նպատակով» թեմայով:

«Դեռ ուսանողական առաջին տարիներից երազել եմ ստանալ մագիստրոսի կոչում՝ խորացնելու իմ մասնագիտական գիտելիքները և ճանապարհ հարթելու հետագա աշխատանքի համար: Մագիստրատուրայի իմ թեզը վերաբերում էր ՀՀ Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի ձնահյուսերի վտանգավորության աստիճանի մոդելավորմանն ու գնահատմանը: Սա հեշտ թեմա չէր, այն պահանջում էր ձեռքի տակ ունենալ առավել նոր գործիքներ և ապահովել դրանց թիրախային կիրառությունը: Ահա այստեղ է, որ օգնության եկավ ԳԱՏՕ ծրագրի ընձեռած հնարավորությունը։

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ  ծրագրին դիմելուց հետո, ինձ համար մի նոր և անծայրածիր հորիզոն բացվեց: Որպես պրակտիկանտ, ես պատկերացում կազմեցի իմ մասնագիտության կիրառական կողմերի մասին, սովորեցի կարողություններս և փորձառությունս արդյունավետ կիրառել կոնկրետ մասնագիտական նպատակների կամ առաջադրանքների իրականացման համար:

Թեզիս ուսումնասիրության համար ես կիրառեցի ԳԱՏՕ ծրագրում ջրային ռեսուրսների կառավարման նպատակով ներդրված նորարարական մոտեցումները և գործիքները, մասնավորապես՝ ArcGIS (Երկրատեղեկատվական համակարգ) և Analytical Hierarcy Process (AHP) վերլուծության մեթոդը։  ArcGIS միջավայրում աշխատելն ինձ տվեց պրակտիկ գործիքների կիրառության այնպիսի փորձ և հմտություն, որոնց միջոցով ես կարողացա մոդելավորել Զանգեզուրի լեռնաշղթայի ձնահյուսավտանգ տարածքները, գնահատել դրանց վտանգավորության աստիճանը:  Այսպիսով՝ ձեռք բերված նոր հմտությունները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում առկա խնդիրների և՛ ռազմավարական, և՛ տնտեսական տեսանկյունից խորքային վերլուծություններ կատարելու և հիմնավորված լուծումներ առաջարկելու համար: Համոզված եմ, այս գիտելիքներն ինձ կօգնեն մրցունակ լինել աշխատաշուկայում որպես սկսնակ:

Բացի դրանից, ԳԱՏՕ ծրագրում աշխատելիս ձեռք բերեցի մի շարք այլ հմտություններ, որոնք որպես հիմնաքար են ծառայում իմ այժմյան աշխատանքում․ տվյալների կազմակերպումը տվյալների բազայում, տվյալների ժամանակային շարքերի վերլուծությունը, տվյալների տարածական վերլուծությունը ArcGIS միջավայրում»։

ԳԱՏՕ ծրագրում պրակտիկան ավարտելուց անմիջապես հետո, սույն թվականի հուլիսից, Ինգան աշխատում է հայրենի Ալավերդիում՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունում, որպես փորձագետի օգնական։ Կենտրոնի անձնակազմի հետ միասին Ինգան աշխատում է ՀՀ Լոռու մարզի համայնքների տարբեր խնդիրների վերհանման և վերլուծության, բնակչության իրավունքների ոտնահարման դեպքերի բարձրաձայնման, խորհրդատվության և այլ աջակցության կազմակերպման ուղղություններով՝ կիրառելով ԳԱՏՕ ծրագրում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: 

Մեր զրույցի վերջում Ինգան ասաց. «Այս ամենից զատ, սակայն, ուզում եմ մեկ այլ և նույնքան կարևոր բան շեշտել։ ԳԱՏՕ ծրագրի պրակտիկայի ժամանակ ես սովորեցի աշխատել արհեստավարժ թիմի հետ, նրանցից սովորել, լսել նրանց ամենօրյա խորհուրդները և այդ շփման մեջ աճել մասնագիտորեն և անձնապես:  Սա ես համարում եմ թերևս ամենակարևոր օգուտներից մեկը՝  լինել թիմի արդյունավետ անդամ և նման կարևոր ծրագրի մի մասը»։

նառա Մնացականյան

«Ավարտական թեզս՝ «Անշարժ գույքի գործարքները միջնադարյան Հայաստանում», վերաբերում էր  միջնադարյան Հայաստանում գործած կադաստրային համակարգի նախատիպին ու իրականացված թեմա, որի համար հարկավոր էին հավաստի տվյալներ, դրանց աղբյուրների և լայնածավալ տվյալների վերլուծություն:

ԳԱՏՕ ծրագրի պրակտիկայի ընթացքում ձեռք բերված մոդելավորման փորձի հիման վրա, մշակեցի տվյալների մեծ բազա թեզիս համար: Բացի դրանից, բազմիցս կիրառել եմ այս գործնական գիտելիքները թեմատիկ քարտեզների ստեղծման ու ձևավորման գործում: 

ԳԱՏՕ ծրագրում ձեռք բերված գիտելիքներն ինձ ոգևորեցին՝ ընդգրկվելու մի բիզնես-ծրագրում և ես  հաջողության հույսեր ունեմ։ Անխոս, ԳԱՏՕ ծրագիրը մեծ փորձ էր ոլորտում առաջին քայլերն անող մասնագետի կայացման համար։  Այն Երկրատեղեկատվական համակարգի վերլուծաբանի հիանալի փորձառություն էր։

Ներկայումս Նառան աշխատում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, որտեղ դասավանդում է տեղեկատվական համակարգերի վերլուծություն՝ ԵՏՀ կիրառությամբ, առարկան:

«Իմ աշխատանքային կարիերայի և ապագայի հետ կապված բոլոր տեսլականներս կապված են ԵՏՀ վերլուծությունների հետ.  չգիտեմ ինչու՞, բայց չափազանց շատ եմ սիրում աշխատանքս ու հիմա էլ փորձում եմ այդ ոլորտում կատարելագործվել»:

ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է

Գևորգ Շերոյանին պատկանող լոլիկի դաշտում բերքահավաքի աշխատանքներում ներգրավված է լինում 15 աշխատող:

Փոքր Վեդին Արարատի մարզի համեմատաբար փոքր համայնքներից է, որ գտնվում է Արաքս գետի ձախ ափին: Հիմնական զբաղմունքն այստեղ գյուղատնտեսությունն է: Մրգատու այգիները տեղի բնակչության եկամուտի հիմնական աղբյուրն են: Գյուղն ունի 3,300 բնակիչ:

Գյուղացու կայուն եկամուտի և պատշաճ կենսակերպի ապահովման համար չափազանց կարևոր է ոռոգման ջրի անխափան մատակարարումը:  Նախկինում համայնքը ոռոգման ջուր ստանում էր երկու աղբյուրից սակայն հին ցանցը և ջրի մեծաքանակ կորուստները չէին կարողանում ապահովել հողատարածքների անհրաժեշտ ոռոգումը։  Ուստի, ի թիվս այլ խնդիրների, համայնքի անդամների քննարկումների արդյունքում, առաջնահերթությունը տրվեց գյուղի ոռոգման համակարգի արդիականացման  ծրագրին։ 2020 թվականին ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water) ծրագրերի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Արտաշատ» ջրօգտագործների ընկերության արդյունավետ համագործակցության արդյունքում բարելավվեց Փոքր Վեդիի ոռոգման համակարգը:

Ոռոգման համակարգի արդյունավետությունից օգտվող ավելի քան 400 հողօգտագործողներից մեկը Գևորգ Շերոյանն է: Նա ծնվել և մեծացել է Փոքր Վեդիում: Գևորգն ունի մեխանիկ-մանկավարժի մասնագիտություն: Նա 37 տարի գյուղի դպրոցում դասավանդել է մեխանիկա և տեխնոլոգիա, երեխաներին փոխանցել տարբեր տեսակի գյուղտեխնիկայի աշխատանքի վերաբերյալ իր գիտելիքներն ու փորձը:  Գևորգը նաև բազմամյա փորձառություն ունեցող գյուղատնտես է։ Դեռևս 2008 թվականին նա կաթիլային ոռոգում անցկացրեց իր ջերմոցում ՝ նպատակ ունենալով բարձրացնել բերքատվությունը և բերքի որակը:

Մեր հետ զրույցում, Գևորգը նշեց, որ ԳԱՏՕ ծրագիրը լուծեց ոռոգման ցանցում ջրի ահռելի կորուստների վերացման կարևորագույն խնդիրը։ Այս հարցի լուծումը նպաստեց, որ այս տարվա գարնանը  Գևորգը իր նախաձեռնությամբ և միջոցներով տեղադրի կաթիլային ոռոգման համակարգ 1.6 հեկտար մակերես ունեցող հողատարածքում՝ լոլիկի կոմերցիոն մշակության նպատակով։

«Քանի որ ջրի ավելացած քանակը և ճնշումը ապահովելու էին պոմպի անխափան աշխատանքը, ես կարողացա այս դաշտում հաջողությամբ աշխատեցնել կաթիլային ոռոգման համակարգը։ Այն թույլ է տալիս ջրել մինչև 20-30 հեկտար, հետևաբար նախատեսում եմ մյուս տարի ևս 4 հեկտար ջրել կաթիլայինով»: 

Գևորգը կաթիլային ոռոգման համակարգի համար ներդրել է մոտ ԱՄՆ 4.200 դոլար,   ներառյալ ՝ ֆիլտրը և խողովակները, որոնք նա ձեռք է բերել Ռուսաստանից:  Փաստորեն, ԳԱՏՕ ծրագրի իրականացման արդյունքում, Գևորգը նոր համակարգի տեղադրմամբ ընդլայնել և զարգացրել է իր տնտեսությունը՝ ստանալով երեք անգամ շատ և ավելի բարձրորակ բերք։  Նա նաև ստեղծել է լրացուցիչ աշխատատեղեր համայնքի բնակիչների համար։

Գևորգ Շերոյանի նման շահառուները ավելի են մեծացնում իրականացված ծրագրի ազդեցությունը համայնքի և անհատների կենսակերպի բարելավման վրա, գնահատում նորարական տեխնոլոգիաների կիրառությունը և անձնական ներդրումների միջոցով ծառայեցնում սեփական բիզնեսի շահերին։ Գևորգ Շերոյանի այս նախաձեռնությունը և փորձը գյուղական համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի կայունությունն ապահովող լավագույն օրինակներից է։

Զրույցի վերջում Գևորգ Շերոյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան ժողովրդին և համահայկական հիմնադրամին՝ այս ծրագիրը իրականություն դարձնելու համար և հավելեց. «Իրականում ստացել եմ լոլիկի եռակի բերք՝ ոռոգման ավանդական համակարգի համեմատ։ Ծախսերը հանած, ես ունեմ կրկնակի բերք, ուստի և ավելի շատ եկամուտ: Իսկ բերքի քանակից կախված, բնականաբար, ես ավելի շատ աշխատատեղ եմ ապահովում: Ներկայումս 15 կին և տղամարդ, աշխատում են, հավաքում բերքը։ Ավելացած բերքի դեպքում, ավելի շատ մարդ կընդգրկվի բերքահավաքի աշխատանքներում։ Չէ՛ որ քրտնաջան աշխատանքը բարեկեցության հիմքն է»:

Կարևոր է նշել նաև, որ մինչև ծրագրի իրականացումը, կորուստները ցանցում կազմում էին մոտ 40%։  Ծրագրի իրականացումից հետո՝ ոռոգման սեզոնում, ջրի և էլեկտրական էներգիայի տարեկան խնայողությունները կազմում են համապատասխանաբար՝ 936,000 մ 3  և  341,640 կՎտժ:  Խնայողությունների շնորհիվ առաջացած ֆինանսական օգուտը կազմում է մոտ ՀՀ 13.3 միլիոն դրամ, կամ 27,400 ԱՄՆ դոլար։ Այս ծրագիրը ապացուցում է, որ բազմակողմանի համագործակցության, միացյալ ջանքերի և ներդրումների արդյունքում շահում է աշխատող գյուղացին և համայնքը։

Աշխատանքային խմբի առաջին նիստը

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) ս.թ.oգոստոսի 28-ին Երևանում անցկացրեցին ՀՀ ՇՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որի նպատակն էր քննարկել Արարատյան դաշտի հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական պայմանների վերաբերյալ ԳԱՏՕ ծրագրի վերլուծության արդյունքները և Արարատյան դաշտի ատլասի նախնական տարբերակը: Նիստը վարեց ՀՀ ՇՄՆ Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանը:

Աշխատանքային խմբի նիստի մեկնարկը

Աշխատանքային խմբի հանդիպումները ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով հետաձգվել էին և հաղորդակցությունն իրականացվել էր առցանց ձևաչափով: Որպես առաջին նիստ` այն հատկանշական էր և ինտերակտիվ. խմբի անդամները հավաքվել էին ամփոփելու մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքները: 

Աշխատանքային խումբը ստեղծվել է 2020թ. հունվարին՝ ՀՀ ՇՄ նախարարի հրամանով: Խմբի կազմում ընդգրկված են ՀՀ ՇՄՆ-ի, ներառյալ Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության, Ջրային քաղաքականության վարչության, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության և ԳԱՏՕ ծրագրի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի նպատակն է երաշխավորել միջազգային դոնոր կազմակերպությունների, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հայաստանի ջրային ոլորտում իրականացվող ծրագրերի աշխատանքերի արդյունավետությունը և նախատեսված արդյունքների ստացումը։

Նիստի ընթացքում ԳԱՏՕ ծրագրի թիմը ներկայացրեց Արարատյան դաշտի 2016թ. ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրային պաշարի, ջրավազանը սնող ստորերկրյա ջրերի բնական ռեսուրսների և ստորերկրյա ջրօգտագործման թույլատրելի առավելագույն ծավալների հաշվարկային արժեքները: Նկարագրվեցին աշխատանքի ընթացքում կիրառված մեթոդաբանությունը և վերլուծական գործիքները՝ շեշտադրելով աշխատանքային խմբի կողմից արված առաջարկություններն աշխատանքը կատարելու ընթացքում:

Ներկայացվում է Արարատյան դաշտի ջրային պաշարները

ԳԱՏՕ ծրագիրը նաև ներկայացրեց Արարատյան դաշտի ատլասի նախնական տարբերակը, որը պատրաստվել է պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ` ստանալով նրանցից երկրատարածական տվյալներ և տեղեկատվություն Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վերաբերյալ:    

Այնուհետև քննարկվեցին Արարատյան դաշտի հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական պայմանների վերաբերյալ ԳԱՏՕ ծրագրի վերլուծության արդյունքները, տրվեցին լրացուցիչ խորհուրդներ ատլասի լրամշակման կապակցությամբ` նախքան այն կառավարություն և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնելը:

Քննարկումներ. հարց ու պատասխան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտից դոկտոր Հրաչյա Շահինյանը նշեց. «ԳԱՏՕ ծրագրի աշխատանքում կիրառված մեթոդաբանությունը ստորերկրյա ջրերի մաթեմատիկական եղանակով հաշվարկման ավանդական մոտեցումն է՝ ArcGIS առաջադեմ վերլուծական գործիքների և ստորերկրյա ջրերի մոդելավորման ծրագրերի օգտագործմամբ»:

ՀՀ ՇՄՆ Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Ջզմաչյանը շարունակեց, առաջարկելով «ՀՀ կառավարությանը ներկայացնել կոնկրետ միջոցառումներ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նոր քաղաքականության իրականացման համար»:   

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Էդգար Միսակյանն նշեց, որ «Կառավարությանը պետք է առաջարկել, որ համագործակցի գիտահետազոտական ինստիտուտների հետ` Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վերաբերյալ որոշումների կայացման ն աջակցող տվյալների համալրման և վերլուծական բացերի լրացման համար»:    

Քննարկում փոքր խմբերով

Ջրային կոմիտեի Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ալոյանը ընդգծեց Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի մոդելավորման գործիքներում կիրառվող տվյալների կանոնավոր թարմացման և գործիքների օգտագործման կարևորությունը: Նա մի քանի առաջարկություն արեց Արարատյան դաշտի ատլասի հրատարակման կապակցությամբ, նշելով, որ այն մեկ հրատարակության մեջ ամբողջացված թարմ տվյալների և տեղեկատվության կարևոր աղբյուր է` Արարատյան դաշտի միասնական երկրատարածական տվյալների բազայի հետ միասին:  

Նիստի մասնակիցները համաձայնության եկան հետագա քայլերի շուրջ. ա) ամփոփել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վերաբերյալ ձեռք բերված հիմնական արդյունքները, բ) ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ Արարատյան դաշտի ստորերկրյա և մակերևութային ջրերի արդյունավետ կառավարման վերաբերյալ` հաշվի առնելով, որ այն Հայաստանի խոշոր գյուղատնտեսական գոտին է և տարածաշրջանի կենսապահովման աղբյուրը:

Եղեգնուտ համայնքի խմելու ջրի համակարգի բարելավման ծրագրի առցանց բացում

Սույն թվականի հուլիսի 30-ին տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)  ֆինանսավորմամբ իրականացված Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի  առցանց բացումը։

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ  «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water)   ծրագրերի և Եղեգնուտ համայնքի համագործակցության շնորհիվ:  Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Արմավիրի  մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Եղեգնուտ համայնքի  փոխգյուղապետի  ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խուրշուդյանը,  գործընկեր կազմակերպությունների և համայնքի ներկայացուցիչները, հյուրեր:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Եղեգնուտի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի արդյունքների մասին տեսանյութը։

Ծրագրի իրականացման արդյունքում գյուղի բոլոր տնային տնտեսություններն ունեն շուրջօրյա քլորացված ջրամատակարարում։ Մասնավորապես վերանորոգվել է խմելու ջրագծի համակարգը. կառուցվել են նոր պոմպակայան և քլորացման կայան,  ամբողջությամբ փոխարինել են հին ջրագծի քայքայված խողովակները  նոր, պոլիէթիլենային խողովակներով, տեղադրվել են ջրաչափեր բոլոր տներում, համայնքին տրամադրվել է ջրի սպառման և մուծումների հաշվառման արդյունավետ  գրանցման նոր համակարգչային ծրագիր:

Այս Ծրագիրը միայն ջուր չի, որ ապահովել է համայնքին. ջրամատակարարման բարեկարգված համակարգի շնորհիվ ջրի և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն կա ներկայումս – տարեկան 308,000 մ3 ջուր և 118 մՎտ*ժ էներգիա:

Իր ողջույնի խոսքում Արմավիր մարզպետ պարոն Մաթևոսյանը կարևորեց արդեն վերանորոգված ենթակառուցվածքի փոխանցումը համայնքին հետագա կառավարման և շահագործման համար։ <<Ամեն ինչ հնարավոր է իրականացնել ճիշտ գործընկերներ ընտրելու, աշխատանքը ճիշտ կազմակերպելու և աշխատանքի հանդեպ սրտացավ վերաբերմունք ունենալու դեպքում>>,- նշեց նա։

Ծրագրի մեկ այլ արդյունք. համայնքի երկու բնակիչ կունենան աշխատանք: Վերապատրաստվելով ծրագրի շրջանակներում, նրանք կհսկեն և կապահովեն ջրամատակարարման համակարգի անխափան աշխատանքը: 

<< Շնորհավորում եմ Եղեգնուտի բնակիչներին այս բացառիկ առիթով, և հպարտ եմ ու երջանիկ, որ մաս եմ կազմում այս տոնակատարության՝ թեկուզ և առցանց հարթակում։ Եղեգնուտ համայնքը 2 տասնյամյակից ավելի զրկված է եղել անվտանգ և ապահով խմելու ջրից,  համակարգում հոսակորուստները կազմել են մոտ 70 տոկոս քայքայված ջրագծերի պատճառով։ Շնորհակալություն եմ հայտնում այն օժանդակության համար, որ համայնքը ցուցաբերեց ԳԱՏՕ և PURE-Water ծրագրերին` իրականություն դարձնելու համայնքի ավելի քան 2200 բնակիչների համար շաբաթական 7 օրվա ընթացքում 24-ժամյա մաքուր և անվտանգ ջուր ունենալու երազանքը>>. իր բացման խոսքում նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։

“Ջուրը կյանք է.” Մաքուր ջուր Եղեգնուտ համայնքին

Ռազմիկ Մկրտչյան, Եղեգնուտ համայնքի գյուղապետի ժ.պ. “Այս տարվա սկզբին խմելու ջրագծի բարելավման արդյունքում բոլոր 482 տնտեսություններն ապահովված են 24-ժամյա մաքուր ջրով, նրանք վճարում են իրենց սպառած ջրի դիմաց: COVID 19 համավարակի պայմաններում ամբողջ օրը հոսող ջուր ունենալը պատշաճ պաշտպանություն է ապահովում”:

Ծրագիրը վերանորոգել է խմելու ջրագծի համակարգը. կառուցվել են նոր պոմպակայան և քլորացման կայան, նոր ջրագիծ: Այն ապահովում է քլորացված և ապահով ջրով. ապահով, քանի որ երկար տարիներ մարդիկ օգտագործել են ծորակից եկող ժանգոտ, ցեխոտ և ոչ անվտանգ ջուր:

Վերջին քսան և ավելի տարիներին ջուրը համայնքի համար առաջնային կարիքն ու երազանքն էր. այսօր այն իրականություն է: Ամբողջ համայնքը, մոտ 2200 բնակիչ, օգտվում են ծրագրից:

“Քայլեք ամբողջ գյուղով, յուրաքանչյուր փողոց և ծայրամասային տուն ունի մաքուր ջուր: Սա ծայրահեղ անհրաժեշտություն է մեզ համար, կանանց համար հատկապես, որպեսզի նրանք ապահովեն պատշաճ հիգիենա, սանիտարական պայմաններ ու առողջ ապրելակերպ իրենց ընտանիքների համար“, Ձյունիկ Խուրշուդյան, համայնքի բնակիչ:

Այս Ծրագիրը միայն ջուր չի, որ ապահովել է համայնքին. ջրային նոր համակարգի շնորհիվ ջրի և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն կա ներկայումս – տարեկան 308,000 մ3 ջուր և 118 մՎտ*ժ էներգիա: Տնային տնտեսություններում դրվեցին ջրաչափեր՝ խթանելով ջրից օգտվելու նոր մշակույթ. ավելի պատասխանատու և հոգատար ջրօգտագործում:

Ծրագրի մեկ այլ արդյունք. համայնքի երկու բնակիչ կունենան աշխատանք: Վերապատրաստվելով ծրագրի շրջանակներում, նրանք կհսկեն և կապահովեն կայանների անխափան աշխատանքը:

Եղեգնուտի ջրագծի նորոգումն իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրերի հաջող համագործակցության և Եղեգնուտ համայնքի աջակցության շնորհիվ: Ահա, թե ինչպես են միացյալ ջանքերը և հաջող համագործակցությունը համայնքի կյանքում դրական փոփոխություն բերում:

Ծրագրի առցանց բացումը տեղի ունեցավ հուլիսի 30-ին, ժամը 3-ին, որին մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, Արմավիրի մարզի մարզպետը, Եղեգնուտի գյուղապետարանը, իրագործող և համագործակցող կազմակերպությունները, հյուրեր:

Շարունակվում են ստորերկրյա ջրերի մոդելավորման աշխատանքները

Ապրիլի 15-ին ԳԱՏՕ ծրագրի թիմն անցկացրեց առցանց հանդիպում ամերիկյան Aquaveo ընկերության փորձագետ Թոդ Վուդի հետ, որը խորհրդատվություն է տրամադրում ԳԱՏՕ ծրագրի մասնագետներին ստորերկրյա ջրերի մոդելավորման աշխատանքների իրականացման գործում: Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հոսքի պարզեցված մոդելը:

ԳԱՏՕ ծրագրի մասնագետները ներկայացրեցին ստորերկրյա ջրերի հոսքի մոդելի վերջին տարբերակը` պրն. Վուդի առաջարկությունների հիման վրա մոդելի տարբեր պարամետրերում կատարված ճշգրտումներով: Ծրագրի մասնագետները և Aquaveo-ի խորհրդատուն ստուգեցին նաև մոդելի սիմուլյացիայի արդյունքները՝ հետագա ճշգրտումների անհրաժեշտությունը պարզելու նպատակով:   

Արդյունքում, ԳԱՏՕ ծրագրի կողմից կմշակվի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հոսքի ամբողջությամբ տրամաչափված մոդել, որի օգնությամբ հնարավոր կլլինի պարզել ստորերկրյա ջրային պաշարներից ջրառի ազդեցությունը հորիզոնների վիճակի վրա:

‼️ Հայտարարություն

ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների պգտագործում հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիրը (այսուհետ՝ ԳԱՏՕ) նախատեսում է իրականացնել արտեզյան հորի լուծարման աշխատանքներ Արարատյան դաշտում։ Այս փուլում ԳԱՏՕ-ն պատրաստվում է պատվիրել հետազոտական և նախագծա-նախահաշվային աշխատանքներ։

Բոլոր այն նախագծային կազմակերպությունները, որոնք ունեն վթարային արտեզյան հորերի լուծարման գիտելիքներ ու փորձ ունեցող մասնագետներ և հետաքրքրված են մասնակցելու ԳԱՏՕ-ի կողմից առաջիկայում հայտարարվելիք մրցույթին, մինչև ս.թ. ապրիլի 2️3️-ը կարող են ներկայացնել կազմակերպության անվանումը, կոնտակտային տվյալները և կոնտակտային անձանց անունները հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ mkoshkaryan@engl.com.

Ոռոգման ծրագիր Խաչփար համայնքում

✅ Արմավիրի մարզի Խաչփար համայնքի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի հետ համատեղ: 
Այս պահին շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով:

Ոռոգման ծրագիր Փոքր Վեդի համայնքում

Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում շարունակվում են ոռոգման ցանցի բարելավման աշխատանքները: Այս պահին ավարտվել է ջրագծի հիմնական հատվածի տեղադրումը և իրականացվում են ջրթողների միացումները:

ԳԱՏՕ ծրագրի գործընկերներն են «Հայաստան» համահայկական հիմնադրամը և
«Արտաշատ» ՋՕԸ-ն: Ծրագրի կոնցեպտը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի հետ համատեղ։