«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիր

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը: Ծրագրի հիմնական նպատակն է Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցումն ու կայուն վիճակի ապահովումը:

Վերոնշյալ նպատակներն իրագործելու համար ԳԱՏՕ ծրագիրը կաշխատի մի քանի կարևորագույն ուղղություններով.

  1. ջրային ռեսուրսներին առնչվող տվյալներ,
  2. տեխնոլոգիաներ,
  3. իրավական դաշտի, իրավակիրարկման մեխանիզմների բարելավում,
  4. շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն:

Ջրային ռեսուրսներին առնչվող տվյալներ: Այս բաղադրիչի շրջանակում ԳԱՏՕ ծրագրի թիմը կիրականացնի Արարատյան դաշտի հիդրոլոգիական համակարգի բազմակողմանի գույքագրում՝ առկա տեղեկատվությունը թարմացնելու նպատակով:Գործունեության արդյունքում ԳԱՏՕ ծրագիրն Արարատյան դաշտի համար կստեղծի աշխարհագրորեն համակցված (գեոկոդավորված), իրական ժամանակում ստացվող և հանրության համար հասանելի տվյալների համակարգ: Այն կընդգրկի ջրային ռեսուրսների վերաբերյալ համապարփակ տվյալների շարքեր, որոնք ներկայում գտնվում են տարբեր գերատեսչություններում:  Արարատյան դաշտի համար կստեղծվի հիդրոերկրաբանական մոդելավորման և որոշումների կայացմանն աջակցող գործիք, որը հնարավորություն կտա կազմել հաշվետվություններ իրական ժամանակում ստացված մոնիտորինգի տվյալների հիման վրա: ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ ԳԱՏՕ ծրագիրը կմշակի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կայուն մոնոտորինգի իրականացման պլան:

Տեխնոլոգիաներ: Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարաններում և ջրօգտագործման այլ ոլորտներում ԳԱՏՕ ծրագիրը կիրականացնի ջրի և էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագրեր՝ տեղական պայմաններին համապատասխանեցված ու տնտեսապես շահավետ տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Նշված ծրագրերի նպատակն է արդյունավետ կառավարել Արարատյան դաշտի բնական պաշարները և կրճատել ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալները: Ծրագիրը միևնույն ժամանակ կխթանի ջրօգտագործողների կողմից էներգիայի արդյունավետ օգտագործումը և մաքուր էներգիայի ստացման տեխնոլոգիաների զարգացումը: ԳԱՏՕ ծրագրի շրջանակում նաև կմշակվի և կներկայացվի ապօրինի շահագործվող և/կամ չշահագործվող հորատանցքերի մշտական փակման առնվազն մեկ տեխնոլոգիա: Պիլոտային ծրագրերի համար կարևոր չափանիշներ են՝ տեխնոլոգիաների կրկնօրինակման հնարավորությունը, ֆինանսական մատչելիությունը, երկարաժամկետ շահագործումը և տեղական շուկայում հասանելիությունը:

Իրավական դաշտի, իրավակիրարկման մեխանիզմների բարելավում: ԳԱՏՕ ծրագիրը կկատարի ուսումնասիրություն՝ Արարատյան դաշտի ստորերկրա ջրային ռեսուրսի բնօգտագործման վճարի օպտիմալ դրույքաչափ սահմանելու նպատակով և համապատասխան առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարությանը:  ԳԱՏՕ ծրագիրը նաև կբարելավի վերահսկողություն իրականացնող գերատեսչությունների՝ ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման արդիական միջոցներով մոնիտորինգի իրականացման կարողությունները:

Շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն: ԳԱՏՕ ծրագիրը կխթանի համագործակցությունը շահագրգիռ  կողմերի միջև՝ առկա տեխնիկական ռեսուրսները համախմբելու և (կամ) ավելի արդյունավետ օգտագործելու, գործողությունների համընկումից խուսափելու նպատակով: Պիլոտային ծրագրերի, հետազոտությունների և վերլուծությունների իրականացման ընթացքում ԳԱՏՕ-ն կհամագործակցի տարբեր շահագրգիռ կողմերի հետ:

ԳԱՏՕ ծրագրի գործընկերներն են  ԱՄՆ ՄԶԳ-ի Գլոբալ դեվելոփմենթ լաբը (Global Development Lab), ԱՄՆ-ի Երկրաբանական  հետազոտությունների կենտրոնը, «Ջեֆերսոն» գիտական ծրագիրը, ոլորտին առնչվող ԱՄՆ ՄԶԳ այլ ծրագրերը, մասնավոր հատվածը, գիտահետազոտական և դոնոր կազմակերպությունները: